Անտեսված լեգենդը` Ռաֆայել Հարությունյան (լուսանկարներ, տեսանյութ) -
ChampionsTopԱյլ մարզաձևեր

Անտեսված լեգենդը` Ռաֆայել Հարությունյան (լուսանկարներ, տեսանյութ)

934Views

Այսօր կանանց գեղասահք ասելիս հասկանում ենք Ալինա Զագիտովա, Աննա Շերբակովա, Ալեքսանդրա Տրուսովա, Եվգենիա Մեդվեդևա և մեկ բառով ասած Ռուսաստանի հավաքականի մենիշխանություն, որը կարողացել է ստեղծել լեգենդար մարզիչ Էթերի Տուտբերիձեն:

Տղամարդկանց գեղասահք հիշատակելիս հասկանում ենք Նաթան Չեն և նորից Նաթան Չեն: ԱՄՆ-ն ներկայացնող երիտասարդ գեղասահորդն իր անվան դիմաց արդեն ոչ միայն լուրջ հաղթանակներ ունի գրանցած, այլև համաշխարհային մակարդակի ռեկորդներ, և թվում է, որ այս տաղանդը դեռ երկար տարիներ կլինի բարձունքում:

Նաթան Չեն ասելով՝ առաջին հերթին պետք է հիշատակել լեգենդար հայազգի մարզիչ Ռաֆայել Հարությունյանին, ով համարվում է Չենի անձնական մարզիչը, և նրա ունեցած մեծ ավանդի շնորհիվ է, որ գեղասահքի այս աստղը ապշեցնում է յուրաքանչյուրին իր անկրկնելի սահքով և թռիչքներով: Ռաֆայել Հարությունյանն այն մարզիչն է, ով համարձակվեց մեկ ծրագրում ընդգրկել 4 ակսել և կարողանալ ստիպել Չենին անթերի կատարել ծրագիրը:

Ռաֆայել Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Ավարտել է Հայաստանի Պետական Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտը և սկսել է մարզչական կարիերան Երևանում: Չունենալով համապատասխան ռեսուրսներ և հրավեր ստանալով Մոսկվայից՝ մարզիչը տեղափոխվել է այնտեղ, իսկ 2000 թ-ից բնակություն հաստատեց ԱՄՆ-ում` աշխատելով Ice Castle International Training Center-ում: Հարությունանը երկար տարիներ համարվել է ԱՄՆ-ի լավագույն մարզիչներից մեկը, իսկ հայազգի մարզչին համաշխարհային փառք են բերել Միշել Կվանը, Մաո Օսադան և, իհարկե, Նաթան Չենը:

Չենի հետ աշխատելը համարվում է մարզչի կարիերայի գագաթնակետը, և երիտասարդ մարզիկը բազմիցս նշել է, որ հիանում է Հարությունյանի աշխատանքով, նրա բնավորությամբ և ամենաառաջին հերթին՝ պահանջկոտությամբ:

«Ես հպարտ եմ, որ մարզվում են Ռաֆայել Հարությունյանի հետ: Նա իմն է` ես նրա աշակերտն եմ և մշտապես լինելու եմ այդ կարգավիճակում: Բոլոր չեմպիոնություններին հասել եմ նրա օգնությամբ և իսկապես երախտապարտ եմ, որ նա իմ մարզիչն է: Հարությունյանի հետ աշխատելու համար դու պարտավոր ես լինել պրոֆեսիոնալ և իրավունք չունես թուլանալու: Եթե դու թուլանաս, նա կարող է նույնիսկ ապտակել քեզ և այնպես բղավել, որ դու միանգամից սկսես տրամադրվել ու կենտրոնանալ քո աշխատանքի վրա»,- ասել է Նաթան Չենը:

Ռաֆայել Հարությունյանն իր հերթին Նաթան Չենի հասցեին միայն հիացմունքով է արտահայտվում:

«Նաթանն այն պրոֆեսիոնալն է, ով ինձ ստիպում է աշխատել յուրաքանչյուր օր, րոպե և վայրկյան: Նեթանը 20 տարեկան է, բայց արդեն նվաճել է գրեթե ամեն ինչ սպորտում, սակայն նա ցանկանում է լինել լեգենդար և մարզումների ընթացքում մշտապես անում է ավելին, քան ես պահանջում եմ: Երախտապարտ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն է տվել աշխատել այսպիսի տաղանդի հետ: Ես ու Նաթանը միասին դեռ պետք է տոնենք բազում հաղթանակներ, որովհետև այս տղան երբևիցե չի պարտվելու», — ասել է Ռաֆայել Հարությունյանը:

Նաթան Չեն — Ռաֆայել Հարությունյան զույգի գլխավոր նպատակը 2022թ-ի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերն են, որտեղ զույգին կբավարարեն միայն ոսկե մեդալները, և յուրաքանչյուր այլ արդյունք կհամարվի ձախողում, քանի որ Ռաֆայել Հարությունյանն իր առջև դրել է միայն պայքար գլխավոր մրցանակի համար։ Հուսանք, այս անգամ ևս Ռաֆայել Հարությունյանը կարող է Չենին օգնել, որպեսզի զույգը գրանցի հերթական համաշխարհային ռեկորդները և նվաճի Օլիմպիական ոսկին:

Նաթան Չենի վերջին հաղթանակը գրանցվել է Փարիզում, որտեղ Չեն — Հարությունյան զույգն անմահ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի երգի ներքո տոնեց հերթական հաղթանակը:

Գոռ Ղազարյան

Добавить комментарий