Դեպի Ղազախստան՝ Եվրոպայի բացարձակ արդյունքը կրկնելու ակնկալիքով... - Champions.am
TopԱյլ մարզաձևեր

Դեպի Ղազախստան՝ Եվրոպայի բացարձակ արդյունքը կրկնելու ակնկալիքով…

1.04KViews

Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան Պորտուգալիայում կայացած Եվրոպայի 33-րդ առաջնությանը ներկայացել է 3 քաշային կարգում ու 3-ում էլ բացարձակ արդյունք ցույց տվել:

Կիոկուշին Կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքերով սա աննախադեպ արդյունք էր ինչպես Հայաստանի պատմության, այնպես էլ բոլոր հավաքականների պատմության մեջ: Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 26 երկրի 400 մարզիկ: Պորտուգալիա էին ժամանել մասնակից երկրների գործող չեմպիոնները:

«Մենք գիտեինք, որ մասնակցելու ենք այս առաջնությանը։ Տարվա սկզբից բաժանել էինք ցիկլերի մեր պարապմունքները և եկանք, հասանք այն կետին, որ տղաները գտնվում էին իրենց լավ մարզավիճակում։ Սպասելի էին լավ արդյունքները: Տղաները նույնիսկ կատարեցին ավելին, և ես՝ իմ լավագույն երազներում անգամ, նման արդյունք չէի տեսնում: Խոսքեր չեմ կարողանում գտնել՝ ինչ ապրումներ ունեի»,- իր տպավորություններով մեզ հետ կիսվում է Սպարտակ Գասպարյանը:

Այժմ մեր չեմպիոնները նախապատրաստվում են Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք KWU Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 7-8-ը:

Պորտուգալիայում մեր երկիրը մինչև 75 կգ քաշային կարգում ներկայացրել է Էմիլ Ղազարյանն ու նվաճել KWF Եվրոպայի չեմպիոնի կոչումը ։ «Շատ անսպասելի էր, շատ կարճ տևեց եզրափակիչ մենամարտը՝ մոտ 20 վարկյան: Շատ մեծ ուրախություն զգացի, որ հասա իմ նպատակին` երկար ու քրտնաջան աշխատանք կատարելուց հետո։ Մեծ հպարտություն ես զգում, երբ պատիվ ես ունենում բարձրացնելու քո երկրի դրոշը Եվրոպական մրցասզպարեզում»,- իր ապրումներն է վերհիշում Էմիլ Ղազարյանը:

Էմիլը, ով արդեն 12 տարի զբաղվում է Կիոկուշին կարատեով, մինչ Եվրոպայի չեմպիոն դառնալը ունեցել է այլ հաղթանակներ միջազգային մրցաշարերում՝ Ուկրաինայում, եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև հաղթել է Հայաստանի առաջնություններում: Դեկտեմբերին մեկնարկելիք KWU աշխարհի առաջնությանը Հայաստանը մինչև 75 կգ քաշային կարգում կներկայացնի Էմիլ Ղազարյանը: Այն հարցին, թե արդյո՞ք Ղազարյանը իրեն համարում է ֆավորիտ առաջիկա ԱԱ-ում, նա ժպիտով է պատասխանում. «Եթե հաշվի առնենք Եվրոպայի առաջնությունում վերջին հաղթանակս, կարծում եմ՝ այո: Ֆավորիտները շատ են՝ բուլղարացիները, ռուսները, ճապոնացիները: Սակայն ամեն ինչ կախված է մարզիկի լավ մարզավիճակից»։

Եվրոպայի առաջնությանը մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը ոսկե մեդալ նվաճելով՝ դարձավ Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն:

«Էմոցիաները անբացատրելի են: Այն, որ հռչակվում ես մրցաշարի չեմպիոն եզրափակիչ մենամարտից հետո, գալիս է զգացողությունը, որ այն ճանապարհը, քրտնաջան աշխատանքը, որոնց միջով անցել ես, հասցրել են այն նպատակին, որին դու գնում էիր մի քանի ամիս շարունակ: Եվ այն պահը, երբ հնչում է Հայաստանի հիմնը, փշաքաղվում ես, և զգում ես, որ քո հայրենիքի համար անում ես այն, ինչ մեր պապերը արել են տարիներով՝ Հայաստանի ճանաչման համար»,-իր զգացողությունները մեզ է փոխանցում Արթուր Առուշանյանը։

Արթուրը մինչ այս մասնակցել է 15-20 միջազգային մրցաշարերի և բավականին տիտղոսակիր մարզիկ է. նա 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն և կրկնակի անգամ՝ Աշխարհի: Վերջին՝ Եվրոպայի առաջնությունում նա հաղթեց մինչև 70 կգ քաշային կարգում, իսկ մինչ այդ երկու անգամ դարձել էր չեմպիոն մինչև 65 կգ քաշային կարգում:

KWU աշխարհի առաջնությունում մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Առուշանյանը: Նա նշում է, որ Եվրոպայի առաջնությունը իրենք դիտարկում էին, որպես Աշխարհի առաջնությանը նախանատրաստական մրցաշար:

Առուշանյանը դիտարկել է, որ իր մրցակիցները միշտ տարբեր են: Բայց կարելի է հիշել Ֆարիդ Կասումովին՝ Ռուսաստանից: Նրա հետ առաջին անգամ Արթուրը հանդիպել է Եվրոպայի առաջնության եզրափակչում, որտեղ պարտություն է կրել, սակայն հաջորդ տարի, արդեն Աշխարհի առաջնության եզրափակչում, կրկին հանդիպեց Կասումովին և այդ անգամ նա հաղթեց: Մասնագետների կարծիքով առաջիկա Աշխարհի առաջնությունում գլխավոր ֆավորիտը հենց Արթուր Առուշանյանն է։

Իսկ 14-15 տարիքային խմբում, բացարձակ արդյունք է ցույց տվել Գոռ Մատոյանն ու արժանացել ոսկե մեդալի: Վերջինս առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Անսպասելի էր հաղթանակը, մրցակիցներն ուժեղ էին: Նախ երկու մենամարտ Լեհաստանի ներկայացուցիչների հետ, որոնց հաղթեց նոկաուտով, այնուհետեև հանդիպեց բավականին ուժեղ մրցակցին Նիդերլանդներից, ով Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր, սակայն նա կարողացավ հաղթել ուժեղ մրցակցին: Գոռը դարձել է նաև Հայաստանի չեմպիոն, իսկ միջազգային մրցաշարերում, մինչ Եվրոպայի չեմպիոն դառնալը, լավագույն արդյունքը 2-րդ տեղն էր KWU Աշխարհի առաջնությունում: Առաջիկայում նա կմասնակցի Հայաստանի և Վրաստանում կայանալիք Կովկասի առաջնություններին:

Ակնկալիքներ առաջիկա Աշխարհի առաջնությունից

Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը չի ցանկանում կանխատեսել, թե ինչ արդյունքներ կունենան Ղազախստանում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը: Իրենք պատրաստվելու են ջանասիրաբար, քանի որ այս մրցաշարը երկու տարին մեկ է անցկացվում և այն համարվում է այս մարզաձևի «Օլիմպիական խաղերը», և իրենք մոտենում են այս մրցաշարին ամենամեծ պատասխանատվությամբ ու ամենայն լրջությամբ: «Ես ինձ ամենաերջանիկ մարզիչը կզգամ աշխարհում, եթե մենք նույն արդյունքը գրանցենք, ինչ Եվրոպայի առաջնությունում էր»- ավելացնում է Գասպարյանը, հիշեցնելով, որ հնարավոր է 2024 թվականին Կիոկուշին կարատեն ընդգրկվի օլիմպիական մարզաձևերի ծրագրում:

Վար Բաբայան

Добавить комментарий