«Երիտասարդ վիկինգի» արկածները շարունակվում են, Սոնի հետ ամեն ինչ կարգին է, Մադրիդի նորաթուխ աստղը… Չեմպիոնների Լիգայի շաբաթվա ամփոփում
TopՖուտբոլ

«Երիտասարդ վիկինգի» արկածները շարունակվում են, Սոնի հետ ամեն ինչ կարգին է, Մադրիդի նորաթուխ աստղը… Չեմպիոնների Լիգայի շաբաթվա ամփոփում

201Views

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում տեղի ունեցան շատ ուշագրավ իրադարձություններ, սահմանվեցին նոր ռեկորդներ և ականատես եղանք բավականին արդյունավետ հանդիպումների:

Եվ այսպես…

Սոնի հետ ամեն ինչ կարգին է…

Չորեքշաբթի, նոյեմբերի 6-ին «Ցրվենա Զվեզդա» — «Տոտենհեմ» հանդիպումը կայացավ Բելգրադում և ավարտվեց տանտերերի պարտությամբ ` 0։4 հաշվով: Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Ջովանի Լո Չելսոն և Քրիստիան Էրիկսենը, դուբլ ՝ Սոնգ Հին Մինի հաշվին է… Սոնը ցույց տվեց իր կամային որակները և ապացուցեց բոլորին, որ հանգստյան օրերին տարած սթրեսից հետո իր մոտ ամեն ինչ կարգին է:

Ուոքերը ստիպված փոխարինեց դարպասապահին և անառիկ պահեց դարպասը

«Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ՝ 1-1: «Քաղաքայինների» մոտ իսկական աղետ է տեղի ունեցել դարպասապահների հետ: Ընդմիջմանը Գվարդիոլան Էդերսոնին փոխարինել է Բրավոյով բրազիլացու վնասվածքի պատճառով, իսկ 81-րդ րոպեին պահեստային կիպերը կարմիր քարտ է ստացել: Թիմին օգնության է հասել աջ պաշտպան Քայլ Ուոքերը, ով էլ հենց անառիկ է պահել սեփական դարպասը վերջին 10 րոպեների ընթացքում:

Բենզեման կրկնեց Մեսսիի ռեկորդը, իսկ Ռոդրիգոն հեթ-տրիկ ձևակերպեց

«Ռեալ» -ի հարձակվող Քարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ խաղում (6: 0): Այսպիսով, ֆրանսիացին պատմության մեջ երկրորդ խաղացողը դարձավ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից հետո, ով Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններից յուրաքանչյուրում կարողացավ գոնե մեկ անգամ գոլ խփել:

18-ամյա բրազիլացի Ռոդրիոգոն հեթ-տրիկ ձևակերպեց այդ խաղում: «Երբ լսում ես, որ Բերնաբեուն երգում է քո անունը, հասկանում ես, որ երազանքը իրականացել է: Ես ուրախ եմ, հիանալի երեկո էր»,- ասաց Ռոդրիգոն հանդիպումից հետո: Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը Ռոդրիգոն այսպիսի արդյունք գրանցեց 18 տարեկան 301 օրեկան հասակում, իսկ Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն երիտասարդ ռմբարկուն համարվում է Ռաուլը, ով 1995 թ-ին Չեմպիոնների լիգայի «Ֆերենցվարոշի» հետ խաղում (6:1) դարձավ հեթ-տրիկի հեղինակ 18 տարեկան 113 օրեկան հասակում։

Ռեմսին գողացավ Ռոնալդուի գոլը, իսկ վերջինս կրկնեց Մալդինիի ռեկորդը

«Յուվենթուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվին» 2: 1 հաշվով հաղթելուց հետո, ներողություն է խնդրել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից: Ռոնալդուի 11-մետրանոց հարվածից հետո դարպասապահ Գիլերմեին սխալ թույլ տվեց: Գնդակը գլորվեց դեպի դատարկ ցանց, և Ռեմսին գնդակին դիպչելով ուղարկեց ցանցը , ում հաշվին էլ գրանցվեց այդ գոլը: «Ռոնալդուի գո՞լը, որը իմ վրա գրանցեցին: Ես դրվագին ամենամոտն էի, տեսա գնդակը և այն բնազդով ուղարկեցի դարպասը: Իհարկե, ես ներողություն եմ խնդրում Ռոնալդուից ՝ նրա գոլը խլելու համար»,- ասաց Ռեմսին խաղից հետո:

Չեմպիոնների լիգայի «Լոկոմոտիվ» — «Յուվենթուս» հանդիպմանը իտալական ակումբի մեկնարկային կազմում հայտնվելով՝ Կրիշտիանու Ռոնալդուն կրկնում է լեգենդար Պաուլո Մալդինիի ռեկորդը`174 հանդիպում մեկնարկային կազմում եվրոպական ակումբային առաջնություններում: Այս ցուցանիշով Ռոնալդուն և Մալդինին կիսում են երկրորդ հորիզոնականը, իսկ ռեկորդակիրը համարվում է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասսիլիասը` 188 հանդիպում։

Ութ գոլ, երկու կարմիր քարտ․ Չելսին ու Այաքսը խելահեղ երեկո պարգևեցին ֆուտբոլասերներին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսին» ընդունել էր «Այաքսին»։Հանդիպումը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց։ Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում էին մրցակցին 3-1 հաշվով։Երկրորդ կեսում «Այաքսը» ևս մեկ գնդակ խփեց՝ հանդիպման հաշիվը դարձնելով 4-1։ Թվում էր՝ ամեն ինչ կորած է «Չելսիի» համար։ Հենց այստեղ էլ սկսվեց իսկական շոուն։Նախ 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան հանդիպման հաշիվը դարձրեց 2-4։ 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը։ Մեկ րոպե անց Ջանլուկա Ռոկին հեռացրեց նաև Ջոել Վելտմանին ու Ամստերդամից ժամանած հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց։ Այն անվրեպ իրացրեց Ժորժինյոն։ 74-րդ րոպեին Ջեյմսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ֆանտաստիկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով։

«Ինձ թվում է, որ «Չելսիի» դեմ խաղերում մենք արժանի էինք 4 միավորի: Այսօր մենք հիանալի խաղացինք, «Այաքսը» թելադրեց խաղը»- ասաց հոլանդական ակումբի մարզիչ Էրիկ տեն Հագը, իսկ Տադիչը ավելացրեց․ «Պետք է նշեմ, որ «Այաքսը» շատ ավելի լավ էր խաղում, քան «Չելսին»։ Բայց ինչ-որ մեկը ավերեց մեր խաղը: Ամեն ինչ վերահսկողության տակ էր, բայց հետո մրցավարը գողացավ մեր հաղթանակը»:

«Երիտասարդ վիկինգը» կրկին աչքի ընկավ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում «Նապոլին» իր դաշտում չկարողացավ հաղթել «Զալցբուրգին»: Հյուրերը հաշիվը բացեցին 11-րդ րոպեին այն բանից հետո, երբ հարձակվող Էրլինգ Հոլանդը 11 մետրանոցը անվրեպ հարվածեց: Նեապոլիտանացիներից գոլով պատասխանեց հարձակվող Իրվինգ Լոզանոն ՝ հանդիպման առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ: Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան առանձնանալ ոչնչով: Այսպիսով, Հոլանդը խփեց իր 7-րդ գնդակը մրցաշարում և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բորուսիան» ցույց տվեց իր կամային որակները, իսկ Բարսելոնան ցուցադրեց անատամ խաղ

«Բորուսիա Դորտմունդ»-«Ինտեր»խաղում գրանցվեց կամային հաղթանակ: Գերմանական թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0-2 հաշվով, բայց երկրորդ կեսում կարողացավ 3 գոլ խփել ու հաղթանակ կորզել: Առաջին խաղակեսում Մարտինեսի ու Վեսինոյի խփած գոլերին երկրորդ կեսում պատասխանեցին Բրանտն ու Հակիմին. վերջինս դուբլ ձևակերպեց:

«Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» ընդունել էր «Սլավիային»։ Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0-0։ Հանդիպման գլխավոր հերոսը Պրահայից ժամանած հյուրերի դարպասապահ Օդրժեյ Կոլարժը։ «Սլավիայի» դարպասապահը մի քանի ֆանտաստիկ սեյվեր կատարեց ու փրկեց իր թիմին վերահաս գոլից։ «Բարսելոնա» – «Սլավիա» խաղին ներկա է եղել 67 023 հանդիսատես: Սա վերջին երկու տարվա ընթացքում «Կամպ Նոու» մարզադաշտում մրցաշարի վատագույն հաճախումն է։

Գոլային հրավառություն Զագրեբում. Պյատովը նորից սուպերհերոս

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում Դոնեցկի «Շախտյորը» խուսափեց պարտությունից «Զագրեբ Դինամոյից»՝ փոխհատուցված ժամանակահատվածում երկու գոլի շնորհիվ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի ՝ 3: 3 հաշվով: 5-րդ փոխհատուցված րոպեին հաշիվը 3:2 հօգուտ «Դինամոյի» էր, «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և կարողացավ 11-մետրանոց տուգանայինի իրավունք վաստակել, որն էլ անվրեպ իրացրեց Մարտինսը:

Վար Բաբայան

Добавить комментарий