Ֆուտբոլային սկաուտ. Ալեքսանդր Սոբոլև
TopՖուտբոլ

Ֆուտբոլային սկաուտ. Ալեքսանդր Սոբոլև

243Views

Champions-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մեր նոր շարքը այն ֆուտբոլիստների մասին, ովքեր վերջերս դեպի իրենց են սևեռել թե երկրպագուների, թե եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը, ովքեր լինելով ոչ ֆավորիտ թիմերի մասնիկ, աչքի են ընկնում արդյունավետ և ինչու ոչ՝ աստղային խաղով:

Ալեքսանդր Սոբոլև

Այսօրվա մեր հերոսը ՌՊԼ-ի ներկայացուցիչ, ներկա պահին առաջնության գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Սոբոլևն է։

Սոբոլևը, ով ընդամենը 22 տարեկան է, հիանալի մրցաշրջան է անցկացնում «Կռիլյա Սովետովի» կազմում և, նույնիսկ, հասցրել է գրավել Ռուսաստանի հավաքականի բնավորությամբ սկզբունքային գլխավոր մարզիչ Չերչեսովի ուշադրությունը:

Ռուսաստանի առաջնությունում Սաշան արդեն հասցրել է աչքի ընկնել 10 գոլով: Այն էլ ինչ գոլերով…

15 խաղ, 10 գոլ. «Կռիլյա Սովետովը» մեծամասամբ հենց Սոբոլևի հիանալի մարզավիճակի շնորհիվ է, որ գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում: Իսկ մրցաշրջանի մեկնարկում Սամարան ներկայացնող միակ ակումբը համարվում էր առաջնության բացահայտ աուտսայդերներից մեկը՝ մրցաշարը հաջորդ տարվա գարնանը լքելու գլխավոր թեկնածուների ցուցակում գտնվելով: Մի րոպե… պատկերացրե՛ք…10 գոլ՝ թիմի 18 գոլերից: Այսինքն թիմի խփած գոլերի 60 տոկոսը հենց Սոբոլևի հաշվին է… Դա պարզապես ցնցող ցուցանիշ է…

Ալեքսանդրի ֆուտբոլային տաղանդների շրջանակը ավելի լայն է, քան սովորական «փայտե» կենտրոնական հարձակվողներինը: Եվ տարիքը հարմար է ադապտացվելու համար: Մեծ ակումբների սկաուտները հետևում են բառացիորեն բոլորին. և երիտասարդական թիմերին, և ավելի համեստ առաջնությունների ակումբներին, ապրում են Հարավային Ամերիկայում և Ասիայում, Աֆրիկայում և Բալկաններում՝ շատ հաճախ գտնելով նորանոր տաղանդներ և ապագա ֆուտբոլային աստղեր այնտեղից, որտեղից քչերն են սպասում:

Եվ այժմ բոլորովին պատահական չէ, որ եվրոպական առաջատար առաջնությունների ակումբներից բավականին ներկայացուցչական ցուցակ է կազմվել, ովքեր ցանկանում են իրենց կազմում տեսնել ռուս հարձակվողին:

Ովքե՞ր են հետաքրքված

«Բորուսիա Դ», «Մանչեսթր Յունայթեդ», «Վիլյառեալ», «Արսենալ»

«Բորուսիա Դ»-ն Դեմբելեին վերցրեց «Ռենից» 15 միլիոն եվրոյի դիմաց, իսկ հետո Գերմանիայում բոլորը ասացին, որ վճարված գումարը սահմանվածից բարձր էր: Մեկ տարի անց Ուսմանը 125 միլիոն արժեր: Սանչոն գնաց խորամանկ գերմանացիների ճամբար 7,8 միլիոն եվրոյի դիմաց, և այժմ «Յունայթեդը» պետք է վճարի մոտ 100 մլն, որպեսզի 19-ամյա անգլիացին վերադառնա հայրենիք:

Ներկայումս գերմանական ակումբը ամենաակտիվն է հետաքրքրված Սաշայի ծառայություններով՝ առաջարկելով նրա համար 10-15 մլն եվրո: Մանչեսթրյան ակումբը ևս հետաքրքրված է ռուս հարձակվողով՝ չնայած ակումբի ներկայացուցիչները ավելի պասիվ են իրենց գերմանացի գործընկերներից:

Սոբոլևի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: «Արդյո՞ք Սոբոլևը կկատարի իր պարտականությունները մինչև վերջ: Իհարկե, մենք կցանկանայինք միշտ ունենալ այդպիսի խաղացող մեր թիմում: Մենք շատ հպարտ ենք նրա՝ հավաքականի հրավերով: Դա մեծ բան է մեր թիմի համար: Իհարկե, նա թիմի համար շատ օգտակար անձնավորություն է, բայց մենք ստրկատեր էլ չենք», — ասել է Ֆետիսովը՝ «Կռիլյա Սովետովի» նախագահների խորհրդի ներկայացուցիչը, ակնարկելով՝ որ իրենք բաց են Սոբոլևի համար շռայլ առաջարկությունների համար:

Որտե՞ղ կհայտնվի Սաշան…

Դա արդեն կախված է հենց ֆուտբոլիստից: Ընտրել կարիերայի առաջխաղացման արևմտյան ուղին, թե… մենք կարող ենք ականատես լինել ռուս հերթական տաղանդի տեղափոխությանը «հյուսիսային մայրաքաղաք»: Չէ՞ որ «Զենիթը» սիրում է իր արսենալը թարմացնել ռուս ուժեղագույն ֆուտբոլիստներով: Կարիերային աճ կամ բարձր աշխատավարձ… Ամեն ինչ կախված է Ալեքսանդրից:

Վար Բաբայան

Добавить комментарий