Ու՞ր կտանի «Երիտասարդ վիկինգի» ուղին... Ֆուտբոլային սկաուտ. Էրլինգ Հոլանդ -
TopՖուտբոլ

Ու՞ր կտանի «Երիտասարդ վիկինգի» ուղին… Ֆուտբոլային սկաուտ. Էրլինգ Հոլանդ

630Views

Champions-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մեր նոր շարքի շարունակությունը այն ֆուտբոլիստների մասին, ովքեր վերջերս դեպի իրենց են սևեռել թե երկրպագուների, թե եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը…

Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մրցաշրջանի գլխավոր հայտնությունը դարձած Էրլինգ Հոլանդին:

Էրլինգը ընդամենը 19 տարեկան է, ներկայացնում է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և Նորվեգիայի ազգային ընտրանին: Ծնվել է նա Լիդսում՝ Մեծ Բրիտանիայում… Զարմացա՞ք… Այժմ բացատրենք. Էրլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Ալֆա Ինգե Հոլանդի որդին է: Երբ ծնվեց այսօրվա մեր հերոսը, նրա հայրը կարիերայի վերջին տարիներն էր անցկացնում «Լիդսում»:

Էրլինգի կարիերան կարելի է համարել դասական օրինակ, թե ինչպես ֆուտբոլային ետնախորշերից կարելի է հայտնվել եվրոպական թոփ-ֆուտբոլում, դառնալ ամենաքննարկվող ու Հին աշխարհի գրանդների ամենացանկալի ֆուտբոլիստ:

Հոլանդը իր կարիերան սկսել է նորվեգական համեստ «Բրյունե» ակումբում՝ դեռևս 15 տարեկանում: 2017թ. փետրվարին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ: Մեկ տարի անց, 2018թ. օգոստոսի 19-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգը» հայտարարեց, որ Հոլանդը 2019թ. հունվարի 1-ից կդառնա ավստրիական ակումբի խաղացող՝ նրա հետ ստորագրելով 5 տարվա պայմանագիր:

2019թ. մայիսի 30-ին խփել է ինը գնդակ (մեկը՝ 11 մետրանոցից) Հոնդուրասի դարպասը աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակներում: Դա առաջին անգամ էր, երբ ֆուտբոլասերները միջազգային մամուլում լսեցին նրա մասին, նույնիսկ «Զենիթը» սկսեց հետաքրքրություն ցուցաբերել նոր տաղանդի նկատմամբ: Բայց դա միայն սկիզբն էր… Քչերն էին պատկերացնում, որ ֆուտբոլային երկնակամարում շուտով կսկսի փայլել նոր աստղ…

2019թ. Օգոստոսի 10-ին ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Ավստրիայի առաջնությունում՝ «ՎոլՖսբերգի» դեմ խաղում (5:2): Սեպտեմբերի 14-ին առաջնությունում ձևակերպեց ևս մեկ հեթ-տրիկ՝ խոցելով «Հարթբերգի» դարպասը (7:2): 2019թ. սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Գենկի» դեմ դիմակայության առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ (6:2): Հոլանդը պատմության մեջ դարձել է իններորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների Լիգայի դեբյուտային խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ:

Եվ այդ օրվանից ամբողջ աշխարհը սկսեց խոսել «երիտասարդ վիկինգի» մասին…

Ովքե՞ր են հետաքրքված

Լավ հարց էր… Բոլորը…

Իսկ եթե կոնկրետ, ապա նորվեգացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթր Յունայթեդը», «Ռեալը» և «Յուվենթուսը»:

«Յուվեն» արդեն իսկ պատրաստ է մոտ 40 մլն եվրո վճարել «երիտասարդ վիկինգի» համար, սակայն «Զալցբուրգը» երիտասարդ հարձակվողի տրանսֆերի դիմաց ցանկանում է վաստակել 100 միլիոն եվրո, տեղեկացնում է Tuttosport-ը: Անձամբ Մինո Ռայոլան կզբաղվի հնարավոր տրանսֆերով, այդ մասին տեղեկացնում է արդեն La Gazzetta dello Sport-ը:

Բարձրահասակ հարձակվողը իր կարիերան սկսեց «Մյոլդեում», որը գլխավորում էր Սուլշերը: Ակնարկը հասկացաք, երևի… Սուլշերը, ով մարզում է այժմ ՄՅՈւ-ն, շատ լավ է ճանաչում Հոլանդին, և մանչեսթրյան ակումբի ղեկավարությունը ակնկալում է դա օգտագործել՝ հարձակվողին համոզելու համար, որպեսզի նա տեղափոխվի մառախլապատ Ալբիոն:

Հոլանդը և Սուլշերը՝ «Մյոլդեյում»

Լիվերպուլը ևս վատ քաղաք չէ ապրելու համար… Տեղի համանուն թիմն էլ ներկայումս ավելի բարձր դիրքերում է, քան մանչեսթրյան ակումբը: Եվ ամենակարևորը՝ Կլոպ: «Լիվերպուլի» մարզիչը հիանալի է աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ և, անկասկած, Հոլանդը պետք է որ լեզու գտնի գերմանացի մասնագետի հետ:

Մադրի՞դ… Ինչու՞ և ոչ, չէ որ գրեթե ցանկացած ֆուտբոլիստ երազում է մի օր հանդես գալ «Ռեալում» (կամ էլ հակառակ ճամբարում՝ «Բարսայում»): Սակայն, անձամբ նորվեգացին կարծես թե այդքան էլ շահագրգռված չէ «Ռեալի» հետաքրքրվածությամբ: Նաև Զիդանի ուշք ու միտքն է այլ ֆրոնտում՝ ցանկանալով «արքայական ակումբում» տեսնել իր հայրենակից Մբապեին:

Որտե՞ղ կհայտնվի «երիտասարդ վիկինգը»

Անձամբ մենք կարծում ենք… «ՌԲ Լայպցիգում»… Կրկին զարմացա՞ք:

Հիմնադրված լինելով 2009 թվականի մայիսին որպես RasenBallsport Leipzig՝ «ՌԲ Լայպցիգը» պատկանում է Red Bull GmbH ընկերությանը, որն արդեն հետևյալ ֆուտբոլային ակումբների տերն է. «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա), «Նյու Յորք Ռեդ Բուլզ» (ԱՄՆ), «Ռեդ Բուլլ Բրազիլ» (Կամպինաս, Բրազիլիա) և «Ռեդ Բուլ Գանա» (Սոհակոպ, Գանա):

Ներկա դրությամբ գերմանական ակումբը երևի թե լավագույն տարբերակը կլինի երիտասարդ նորվեգացու համար: Քանի՞ անգամ ենք ականատես եղել, երբ «նոր Մեսսիները կամ Ռոնալդուները»՝ տեղափոխվելով գրանդ ակումբներ, չեն կարողանում հարմարվել նոր կարգավիճակին, կորում են աստղային միջավայրում և մեկ-երկու մրցաշրջանից հետո վերածվում միջին եվրոպական կարգի ֆուտբոլիստի: Օրինակները շատ են: Իհարկե, կարելի և փորձել, բայց ըստ մեզ, ավելի լավ է սկսել Բունդեսլիգայից: «ՌԲ Լայպցիգում» հավաքվել է բավականին երիտասարդ կոլեկտիվ, մարզիչն էլ ևս երիտասարդ է և շատ տաղանդավոր: Թիմը ամբիցիոզ է, պայքարում է բարձր տեղերի համար, հաշվի առնենք նաև ադապտացիան, չէ ո՞ր Ավստրիայից հետո Գերմանիայում հարմարվելն ավելի հեշտ կլինի, քան պայմանական Անգլիայում կամ Իսպանիայում… Այսինք, կան բոլոր նախադրյալները, որպեսզի ֆուտբոլիստը զարգանա, առաջ գնա, նամանավանդ հաշվի առնելով, որ Տիմո Վերները կարող է լքել ակումբը, և գլխավոր գոլահարի հաստիքը ազատ կլինի…

Համենայն դեպս, այս մրցաշջանից հետո (հնարավոր է և ձմռանը) մենք կտեսնենք, թե որտե՞ղ և ի՞նչ ուղով կնավարկի «երիտասարդ վիկինգը»…

Վար Բաբայան

Добавить комментарий