Սպորտային կրթությունը Գեղաշենի միջնակարգ դպրոցում - Champions.am
TopԱյլ մարզաձևեր

Սպորտային կրթությունը Գեղաշենի միջնակարգ դպրոցում

6.8KViews

Սպորտը և սպորտի զարգացումը սկսում է դեռ վաղ տարիքից` բակ, հետագայում դպրոց, սպորտային խմբակներ, պրոֆեսիոնալ խմբակներ և պրոֆեսիոնալ սպորտ:

Հայկական մարզական մշակույթի գործում մեծ ավանդ ունի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցը.

«Մեր դպրոցում ցանկացած աշխատանք իրականացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ, վերահսկողությամբ և հմուտ կառավարմամբ` «գործդ պիտի լավ անես, կամ չանես» սկզբունքով, որը դարձել է նաև մեր նշանաբանը»,- մեզ հետ զրույցում ասում է դպրոցի Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ և վոլեյբոլի թիմի մարզիչ Անդրանիկ Թադևոսյանը: Նա նշում է, որ շատ կարևոր է, որպեսզի տնօրենը սիրի սպորտը, կարևորի ֆիզիկանան դաստիարակության դերն ու նշանականությունը, պատրաստ լինի ապահովել համապատասխան գույքով, ֆինանսական միջոցներով:

Գեղաշենի միջնակարգ դպրոցն իր սպորտային նվաճումներով լավագույններից մեկն է ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև Հայաստանում: Այս ձեռքբերումներն անշուշտ իրենց գործին անմնացորդ նվիրված թիմային աշխատանքի արդյունք են:

Դպրոցում անցկացվել է վոլեյբոլի գավաթի մրցաշար, ինչը բացառիկ երևույթ է հայկական դպրոցների համար: Մրցաշարում մասնակցել են տղաների և աղջիկների 8-ական թիմեր Կոտայքի մարզից, և վերջին 2 տարին անընդմեջ աղջիկների մրցապայքարում հաղթել է Գեղաշենի թիմը` Անդրանիկ Թադևոսյանի գլխավորությամբ: Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող Կոտայքի մարզի 2018/2019թ-ի մրցաշարի բացահայտ առաջատարը և հաղթողը նույնպես Գեղաշենի աղջիկների թիմն է` կրկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

2019թ-ին Գեղաշենի վոլեյբոլի թիմը ճանաչվել է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող վոլեյբոլի աղջիկների մրցաշարի հաղթող, որը թիմի գլխավոր նվաճումն է:

«10 տարեկանից սկսել եմ մարզվել վոլեյբոլով Գեղաշենի միջնակարգ դպրոցում` Անդրանիկ Թադևոսյանի մոտ: Սպորտի նկատմամբ սեր կարողացավ իմ մեջ մտցնել մեր մարզիչը և կարողացավ այնպես անել, որպեսզի մենք տրամադրվենք և սկսենք լրջորեն մոտենալ մեր սիրելի զբաղմունքին»,- ասում է Գեղաշենի դպրոցի լավագույն և խոստումնալից մարզուհիներից մեկը` վոլեյբոլի թիմի ավագ Արփինե Բադալյանը : Արփինեն պատմեց, որ ղեկավարության շնորհիվ կարողանում են մասնակցել բազում մրցաշարերի և շատ ուրախալի է, որ գրեթե մշտապես հաղթում են: Պակաս կարևոր ձեռքբերում չի համարում նաև այն, որ վոլեյբոլի շնորհիվ ձեռք է բերել բազում ընկերներ և ամենակարևորը ՝սպորտային բնավորություն, նպատակասլացություն:

«Նպատակներս և երազանքներս գրեթե համահունչ են: Ամեն գնով ձգտելու եմ ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցել միջազգային մրցաշարերի»,- ավելացնում է պատանի մարզուհին : Արմփինեի նպատակներից մյուսը Հայաստանի Պետական Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի վոլեյբոլի բաժնում սովորելն է, որպեսզի հետագայում կարողանա լինել այնպիսի մարզիչ, ինչպիսինն է ընկեր Թադևոսյանը:

Գեղաշենի դպրոցը մշտապես մասնակցում է բասկետբոլի, աթլետիկայի, սեղանի թենիսի, վոլեյբոլի և իհարկե` ֆուտբոլի համադպրոցական մրցումներին:

Հատկապես շատ ուժեղ է ֆուտբոլային թիմը, որը 2015, 2016, 2018թ Հայաստանի համադպրոցական մրցաշարի չեմպիոնն է, 2017թ՝ երրորդ, իսկ 2019թ` 2-րդ մրցանակակիր:

Դպրոցի ֆուտբոլի թիմը Կոտայքի վերջին 5 տարիների չեմպիոնն է, իսկ ֆուտզալի մրցաշարում հաղթում է վերջին 3 մրցաշրջանները:

Գեղաշենի միջնակարգ դպրոցի ղեկավարության հովանու ներքո դպրոցը թիմեր է ներկայացրել նաև ՀՖՖ-ի պատանեկան և մանկապատանեկան առաջնություններում: «Գեղաշեն 1999» թիմը մինչև 17 տարեկանների առաջնությունում գրավել է պատվավոր` 2-րդ հորիզոնականը գլխավոր մարզիչ վաղամեռիկ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ (օգնական Անդրանիկ Թադևոսյան):

ՀՖՖ-ի մրցաշարերում նաև մասնակցում են Գեղաշեն «2004», Գեղաշեն «2002» և «Գեղաշեն 2009» թիմերը:

2017թ-ին գյուղի ֆուտբոլի թիմը Չեխիայում մասնակցել է դպրոցականների աշխարհի առաջնությանը, որտեղ բավականին հաջող են հանդես եկել, իսկ ֆուտզալի թիմը մասնակցել է ԱՊՀ երկրների 6֊րդ դպրոցական փառատոնի ֆուտզալի մրցաշարին:

Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը ԿԳՍՄ-ի կողմից արժանացել է «Ոսկե հուշամեդալի»` մատաղ սերնդի ֆիզպատրաստության և ֆիզդաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար, իսկ 2018թ ՄՀԿ-ի կողմից արժանացել է տարվա «լավագույն մարզական դպրոց» կոչմանը:

Մանկապատանեկան սպորտը մեծ սպորտի ապագայի հիմնաքարն է և հիմնասյունը։ Գեղաշենն այս ճանապարհին արդեն իսկ ունի մեծ ավանդ և կարող է իր հաջողված փորձը կիրառելի դարձնել նաև այլ համայնքների միջնակարգ դպրոցների համար։

Գոռ Ղազարյան

Добавить комментарий