Ծնունդդ շնորհավոր լեգենդ` Ալբերտ Ազարյանը 91 տարեկան է -
TopԱյլ մարզաձևեր

Ծնունդդ շնորհավոր լեգենդ` Ալբերտ Ազարյանը 91 տարեկան է

555Views

Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 91 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան :

Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր : Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ — ում և աշխարհում :

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի : Նա հայաստանցի միակ մարդն է , ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում / : Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :

Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :

Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն Էդվարդ Ազարյանին և տիկնոջը Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ է և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ , ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին : Այդ ամենով հանդերձ, նա երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ ու մնացել է նույն համեստ , հասարակ հայ մարդը :

Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձրացել նա , որի համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը :

Ծնունդդ շնորհավոր , Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն , երկարակեցություն, երջանկություն:

Champions-ի ողջ անձնակազմը միանում է հազարավոր շնորհավորանքներին և լեգենդար մարզիկին մաղթում է քաջ առողջություն և երջանիկ ծերություն:

Добавить комментарий