Ար․Ալեքսանյանն ու Կ․Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների -
Ըմբշամարտ

Ար․Ալեքսանյանն ու Կ․Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների

452Views

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ,  հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարզիկները հայտնել են փետրվարի 17-ին լրագրողների հետ Գյումրիում ունեցած ճեպազրույցում:

Անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը՝ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր:

«Մնացածը՝ լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեց Արթուր Ալեքսանյանը: Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի  պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելուն, մարզիկը նշեց, որ այդ պահվածքը կարևոր չէ:

«Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել:

Կարապետ Չալյանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել:

«Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապել, հենց այդ շտապելն է որ խանգարում է ինձ հաղթել»,-անկեղծացավ Չալյանը: Խոսելով Եվրոպայի առաջնության իր մրցակիցների մասին՝ Կարապետ Չալյանը նշեց, որ բավական բարդ էր. «Բոլորը փորձառու ըմբիշներ էին, դժվար էր գոտեմարտելը, բայց փա՛ռք Աստծո, առանց մեդալ չվերադարձա»:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալ:

Добавить комментарий