Արսեն Ջուլֆալակյան․Դեռ ոչինչ չեմ որոշել, բայց մեծ ցանկություն կա պայքարելու - Champions.am
Ըմբշամարտ

Արսեն Ջուլֆալակյան․Դեռ ոչինչ չեմ որոշել, բայց մեծ ցանկություն կա պայքարելու

Արսեն Ջուլֆալակյան
393Views

«Քանի որ այս պահի դրությամբ դեռ չկան հստակ ժամկետներ Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ, ուստի դեռ որոշում չեմ կայացրել՝ կշարունակեմ պայքարել Օլիմպիական խաղերին մասնակցություն ունենալու համար, թե ոչ»,-այս մասին ArmSport-ին հայտնեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք՝ ՄՕԿ-ը երեկ հայտարարեց, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021 թվականին, սակայն խաղերի անցկացման կոնկրետ ժամկետներ դեռ չկան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ին պետք է մասնակցի Կարապետ Չալյանը: Նույն քաշային կարգում հանդես է գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը:

«Պետք է սպասեմ ժամկետների հստակեցմանը և հետո խոսեմ մարզիչներիս, ընտանիքիս անդամների հետ: Կքննարկենք, կհասկանանք, թե ինչքանով է հարմար՝ շարունակել ևս տարիուկես նման ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել՝ մնալ սպորտում և օրենսդիրում, ու դրա հետ մեկտեղ դա անել որակյալ:

 Այս պահին, իհարկե, շատ մեծ ցանկություն կա պայքարելու, հաղթելու, հասնելու Տոկիո: Ցանկության պատճառներից մեկը նաև այն է, որ շատ մարդիկ իրենց վատ և անազնիվ են պահել, և ցանկություն կա նրանց պատասխան տալու ու սպորտային առումով պատժելու»,- իր մասնակցության հետ կապված մեկնաբանում է Արսեն Ջուլֆալակյանը։

Խոսելով Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշման վերաբերյալ՝ Ջուլֆալակյանը նկատում է. «Կարծում եմ՝ այլ տարբերակ ստեղծված իրավիճակում ուղղակի չկար, քանի որ ոչ մեկ չգիտի, թե կորոնավիրուսն ինչքան կտևի, ինչ արագությամբ կտարածվի կամ ինչ աղետներ կարող է բերել երկիր մոլորակին։

Չմոռանանք, որ համաշխարհային պանդեմիա է և այն չի վերաբերում միայն սահմանափակ երկրների, այլ՝ ամբողջ աշխարհին: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում չէր կարող լինել այլ որոշում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ շատ երկրներում արտակարգ դրություն է, և մարզիկները հնարավորություն չունեն մարզվելու:

Բացի այդ, խնդիր կա նաև վարկանիշային մրցումներ անցկացնելու վերաբերյալ: Կան նաև շատ այլ հանգամանքներ, որոնք հաշվի առնելով, բնականաբար, ամենաճիշտ որոշումը խաղերի հետաձգումն էր:

Իմ կարծիքով ամենաճիշտը ուղիղ 12 ամիս հետաձգելն է, և անցկացնելը մյուս տարի նույն ժամանակահատվածում: Դա հնարավորություն կտա հանգիստ կազմակարպել վարկանիշային մրցաշարերը: Հուսանք, որ պանդեմիան այնքան երկար չի տևի, որ խանգարի նաև հաջորդ տարի մարզիկների նախապատրաստվելուն»:

Ջուլֆալակյանի խոսքով Օլիմպիական խաղերի մեկամյա հետաձգումը ցույց կտա նաև մարզիկների ու մարզիչների պրոսֆեսիոնալիզմը:

«Եթե մարզիկը հոգեբանորեն թույլ է, պարզ է՝ բացասական կազդի, եթե ուժեղ է՝ բնականաբար չի ազդի: Սա վերաբերում է աշխարհի բոլոր մարզիկներին: Եթե կայուն են, ունեն լավ մարզիչներ, լավ մարզչական թիմ, պրոֆեսիոնալ սպորտային կառույցներ, բնականաբար, մինիմալի կհասցնեն կորուստները կամ դժվարությունները, իսկ ովքեր ուղղակի պատահականության սկզբունքով որոշում են բախտը փորձել, հիմա երևի ցայտնոտի մեջ կհայտնվեն, և չեն իմանա՝ ինչպես կազմակերպել այս տարիուկեսվա մարզումային ծրագիրը: Այստեղ լավագույնս կերևա մարզիչների պրոֆեսիոնալիզմը»:

Հարցին, թե Օլիմպիական խաղերի հետաձգումը ի՞նչ ֆինանսկան հետևանքներ կամ պարտավորություններ կբերի, քանի որ ՕԽ-ին նախապատրաստվելու համար այս տարի բյուջեով ավելի շատ գումար էր հատկացված՝ Ջուլֆալակյանը պատասխանեց.

«Այո, պետության կողմից լրացուցիչ գումարներ էին հատկացվել ԿԳՍՄՆ-ին և ՀԱՕԿ-ին՝ Տոկիո2020 -ին ավելի լավ նախապատրաստվելու համար: Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե հիմա ինչպես է գործելու այս մեխանիզմը: 

Չգիտեմ՝ ինչ են լինելու այդ գումարները, կսառեցվե՞ն, թե՞ կփոխանցվեն հաջորդ տարվա վրա, թե՞ այլ ոլորտների վրա կծախսվեն։ Դա չեմ կարող ասել, դա արդեն երևի կանեն ոլորտի պատկան մարմիները»,-ասաց Ջուլֆալակյանը:

Добавить комментарий