Գևորգ Ղազարյան. Հավաքականում բոլորը գոհ են Կապառոսի նշանակումից - Champions.am
Ֆուտբոլ

Գևորգ Ղազարյան. Հավաքականում բոլորը գոհ են Կապառոսի նշանակումից

322Views

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՖՖ-ի հերթական զրուցակիցը Կիպրոսի ԱԵԼ-ում հանդես եկող Գևորգ Ղազարյանն է.

«Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերսկսման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկսվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին:

Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ խաղադաշտ կա, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս»,- ասել է Գևորգ Ղազարյանն ու նաև կարծիք հայտնել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին.

«Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է:

Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը:

Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»,- եզրափակել է իր խոսքը Գևորգ Ղազարյանը:

Добавить комментарий