Հավակնորդների մրցաշար. Երբ դադարեցումը կարող է ընդվզումների պատճառ դառնալ -
Շախմատ

Հավակնորդների մրցաշար. Երբ դադարեցումը կարող է ընդվզումների պատճառ դառնալ

Հավակնորդների մրցաշար
36Views

Չնայած այս օրերին մարզական աշխարհը կանգ է առել, այնուամենայնիվ, մինչև երեկ անհասկանալի պատճառներով շարունակվում էին շախմատի հավակնորդների մրցաշարն ու ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը:

Վերջինիս դադարեցման առիթով ոչ մի ինֆորմացիա դեռ չկա, իսկ ահա շախմատի հավակնորդների մրցաշարն այսօր դադարեցվեց: Մասնակիցներից Ալեքսանդր Գրիշչուկը մրցաշարից մեկնարկից ի վեր անընդմեջ խոսում էր նրա մասին, որ այսպիսի պայմաններում անհնար է խաղալ և նրա մոտ խաղալու ցանկություն չկա:

Միջազգային լրատվամիջոցների համար ևս անհասկանալի էր այն փաստը, որ մրցաշարը կայանում է:

Այնուամենայնիվ, այսօր ՖԻԴԵ-ն 7-րդ տուրի ավարտից հետո հայտարարեց հավակնորդների մրցաշարի դադարեցման մասին: Դադարեցումից հետո համաշխարհային շախմատի ներկայացուցիչները հայտնեցին իրենց կարծիքները՝ ֆԻԴԵ-ի որոշման մասին:

Ալեքսանդր Գրիշչուկը ՖԻԴԵ-ի որոշումը որակեց ինչ-որ տեղ ուշացած՝ մեկնաբանելով, որ «մրցաշարը պետք էր դադարեցնել ոչ թե իրենց վարակից փրկելու համար, այլ տպավորություն էր, որ իրենք մասնակցում էին ժանտախտի ժամանակ ինչ-որ խնջույքի»: 

Գրիշչուկի խոսքերով՝ «ոչ-ոք սենյակից դուրս չէր գալիս և այսպես շարունակել հնարավոր չէր»:

Ալեքսանդր Գրիշչուկ

«Եկատերինբուրգում մրցաշարի կազմակերպիչներն արեցին ամեն հնարավորը, որպեսզի զերծ պահեն մարզիկներին կորոնավիրուսով վարակվելուց»,- նկատել է շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը: Ըստ Կարպովի, սակայն, այս ամենը տարաձայնություններ կառաջացնի շախմատիստների ու ֆեդերացիաների միջև:

Կարպովի կարծիքով՝ վերջնարդյունքում ֆեդերացիները կարող են դժգոհել, որ իրենց մասնակիցը չի հաղթել հե՛նց մրցաշարի դադարեցման պատճառով: Կարպովը նաև նշել է, որ մրցաշարի անցկացման դահլիճում եղել է 10 մարդ. 2 մրցավար ու 8 մասնակից, իսկ նրանք բոլորը եղել են մեկուսացված մյուսներից, և կարելի էր շարունակել մրցաշարը:

Մրցաշարի դադարեցման որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ՌԴ Կառավարությունը հայտարարեց, որ մարտի 27-ից փակում է այլ երկների հետ օդային հաղորդակցությունը։ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը մեկնաբանել է ընդունած որոշումը․ «ՖԻԴԵ-ն չի կարող շարունակել մրցաշարը առանց խաղացողների և պաշտոնյաների անվտանգ և ժամանակին վերադառնալու երաշխիքների: Այս իրավիճակում որոշվեց դադարեցնել մրցաշարը: Մրցույթը կշարունակվի ավելի ուշ, մենք կհայտարարենք առաջիկայում ստույգ ժամկետների մասին»։

Ամեն դեպքում, մրցաշարը հատել էր հասարակածը: 7 տուրից հետո առաջատարները երկուսն էին: Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4.5-ական միավոր: Ընդ որում, հենց 7-րդ տուրում կայացավ Լագրավ-Նեպոմնյաշչի հանդիպումը, որտեղ Նեպոմնյաշչին կրեց մրցաշարում առաջին պարտությունը:

Լագրավ-Նեպոմնյաշչի

Անհաջող մրցաշար է անցկացնում չինացի Դին Լիրենը: Համաշխարհային դասակարգման 3-րդ համարը 7 պարտիայում կրել է 3 պարտություն ու հիմա 2.5 միավորով հետնապահներից մեկն է: Չինացի շախմատիստը միայն մեկ հաղթանակ ունի:

Համաշխարհային դասակարգման 39-րդ համար Կիրիլ Ալեքսեենկոն նույնպես ունի 2.5 միավոր: Հոլանդիան ներկայացնող ռուսական արմատներով Անիշ Գիրին ունի 3.5 միավոր ու ևս 3 շախմատիստի հետ բաժանում է 3-6-րդ հորիզոնականները: Իրեն նման չէ նաև Ալեքսանդր Գրիշչուկը: Մրցաշարի ամենախաղաղասեր շախմատիստը 7 անընդմեջ ոչ-ոքի է խաղացել ու դեռ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը:

Փոխնիփոխ հաջողություններով է հանդես գալիս համաշխարհային դասակարգման երկրորդ համարը՝ իտալացի Ֆաբիանո Կարուանան: Իտալացին ունի 1 հաղթանակ, խաղացել է 5 ոչ-ոքի ու մեկ պարտիայում էլ պարտվել է. 3-րդ տուրում Ֆաբիանոն զիջել է այժմյան հետնապահ չինացի Լիրենին:

Չինաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հաոն, ևս ունի 3.5 միավոր: Ասիայի երկրորդ համարը միակ հաղթանակը տոնել է առաջին տուրում իր հայրենակցի՝ Լիրենի նկատմամբ:

Դին Լիրեն

Մրցաշարի ավարտին մնացել է 7 տուր: Դժվար է ասել՝ ում օգտին էր այս դադարը, բայց որ ընդվզումներ հաստատ կլինեն մրցաշարի ավարտից հետո, իրականությունից այնքան էլ հեռու չէ:

Իրականում, թե այս որոշումը վերջնարդյունքում ում կվնասի, այդքան էլ էական չէ, քանի որ խաղասեղանին՝ շախմատային քարերի կողքին դրված էր մարդկային կյանքը, և չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մեկ շախմատիստ, որ նման իրավիճակում կգերադասի, օրինակ, շախմատի համաշխարհային թագը:

Добавить комментарий