Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ևս հետ չեն մնում կորոնավիրուսի դեմ պայքարից -
TopՖուտբոլ

Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ևս հետ չեն մնում կորոնավիրուսի դեմ պայքարից

333Views

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն իրենց լուման են ներդնում նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները: Ոմանք մեծ գումարներ են փոխանցում տարբեր բարեգործական և սոցիալական ֆոնդերին, ոմանք էլ օգնում են՝ տրամադրելով բժշկական սարքավորումներ կամ պարզապես առաջին անհրաժեշտության իրեր։

Ֆուտբոլային աշխարհի բարեգործները

ՖԻՖԱ․ 10 մլն եվրո

ՖԻՖԱ-ն միացել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ն 10 միլիոն դոլար է նվիրաբերելու Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Սիլվիո Բեռլուսկոնի․ 10 միլիոն եվրո

«Միլանի» նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրաբերել։ Ֆուտբոլային գործիչը գումար է ուղարկել Լոմբարդիայի մարզ՝ ստեղծելու ժամանակավոր ինտենսիվ թերապիայի 400 նոր բաժանմունք: Լոմբարդիան համարվում է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի բռնկման խոշոր էպիկենտրոն:

Ռինատ Ախմետով․ 10 մլն եվրո

Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը ավելի քան 10 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նշվում է, որ այդ գումարով գնվելու է 300.000 արագ թեստ և թոքերի արհեստական օդափոխման 200 սարք:

Ալմերիա․ 1,2 մլն եվրո

Ընդհանուր առմամբ, Սեգունդայի ակումբն արդեն նվիրաբերել է 1,2 միլիոն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 300 հազար եվրո կգնա կարիքավորների համար սնունդ գնելու համար, 200 հազարը կստանան բուժաշխատողները, ովքեր ակտիվորեն պայքարում են վիրուսի տարածման դեմ, 100 հազարը կստանան այն մարդիկ, ովքեր ճգնաժամի պատճառով իրենց աշխատանքը կորցրել են, իսկ ևս 100 հազարը կստանան կամավորները, որոնք աշխատում են իշխանությունների հետ:

Լիոնել Մեսսի․ 1 մլն եվրո

Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար։ Ֆուտբոլիստի կողմից հատկացված միջոցները բաժանվելու են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի և Արգենտինայում՝ Մեսսիի ծննդավայրում գտնվող բժշկական կենտրոնի միջև:

Խոսեպ Գվարդիոլա․ 1 մլն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նվիրատվություն է կազմակերպել: 49-ամյա մասնագետը 1 միլիոն եվրո է նվիրաբերել Կատալոնիայում գործող մի ֆոնդի, որը բժշկական առաջին անհրաժեշտության իրեր է գնում համայնքի հիվանդանոցների համար։

Ջոշուա Կիմիխ և Լեոն Գորեցկա. 1 մլն եվրո

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխը և Լեոն Գորեցկան միասին 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է Kicker-ը: Ֆուտբոլիստները հորդորել են ցանկացողներին միանալ իրենց նախաձեռնությանը: Նրանք ստեղծել են ազատ հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարին:

Ռոբերտ և Աննա Լևանդովսկի․ 1 մլն եվրո

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իր կինը՝ Աննան, միացել են կորոնավիրուսի դեմ պայքարի We Kick Corona արշավին, որը թողարկել են մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխն ու Լեոն Գորեցկան: Bild-ը հայտնում է, որ զույգը 1 մլն եվրո է փոխանցել ֆոնդին։

Կրիշտիանու Ռոնալդու և Ժորժե Մենդեշ․ 1 մլն եվրո

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալ Ժորժե Մենդեշը իրենց ներդրումն են ունեցել Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նրանք երկուսով ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել երեք նոր հիվանդանոցային մասնաշենքերի կառուցման համար Պորտուգալիայում։ Դրանք ծառայելու են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդներին։

Լերոյ Սանե․ 500 հազար եվրո

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար 500 հազար եվրո է նվիրաբերել։ Գումարը փոխանցվել է կորոնավիրուսից տուժած ընտանիքներին ու բժշկական սարքավորումների գնմանը:

Դավիդ դե Խեա․ 300 հազար եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան 300 հազար եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Գումարը հատկացվել է ֆուտբոլիստի հայրենիքում՝ մայրաքաղաք Մադրիդում հիվանդանոցների և բժիշկների կարիքների համար:

Լիոն․ 300 հազար եվրո

Ֆրանսիական «Լիոնը» 300.000 եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է L’Équipe-ը: Այդ գումարի 1/3 ուղղվելու է դեղամիջոցի հայտնաբերմանը: 200.000 եվրոն էլ կծախսվի բժշկական սարքավորումներ գնելու համար:

Միլան․ 250 հազար եվրո

«Միլան» ֆուտբոլային ակումբը 250 հազար եվրո է նվիրաբերել տարածաշրջանային արտակարգ իրավիճակների գործակալությանը ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

ՄՅՈւ և Ման․Սիթի․ 110 հազար եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» 110 հազար եվրոյի նվիրատվություն են կատարել: Նվիրաբերությունները կատարվել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին օգնելու նպատակով, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն կորոնավիրուսի գլոբալ համաճարակի պատճառով:

Ինտեր․ 100 հազար եվրո

Հաղորդվում է, որ «Ինտերը» 100 հազար եվրո է նվիրաբերել Միլանի Սակոյի հիվանդանոցի կենսաբժշկական հետազոտությունների վարչությանը ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին օգնելու համար

Ինսինյե․ 100 հազար եվրո

Իտալական «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն 100 հազար եվրո է նվիրաբերել Նեապոլում կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը փոխանցվել է տեղի հիվանդանոցներին:

ՊՍԺ․ 100 հազար եվրո

ՊՍԺ-ն 100 հազար եվրո է նվիրաբերել ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: Բարեգործական հիմնադրամին արված նվիրատվությունն օգտագործվելու է հետևյալ նպատակների համար.

 ☑Բժիշկների համար բժշկական և սանիտարական սարքավորումների ձեռքբերում, 2000 կամավորների վերապատրաստում:
 ☑5000 դասավանդման նյութի ձեռքբերում այն ​​ուսանողների համար, ովքեր կարանտինի պատճառով չեն կարող հաճախել դասընթացների:
 ☑Մասնավոր կացարանների կազմակերպման ֆինանսավորում, որը կարող է օգնել մոտ 900 անօթևան մարդկանց, ներառյալ նրանց սնունդ և հիգիենիկ ապրանքներ տրամադրելը:
☑Օգնել տարեցներին կամ միայնակներին՝ նրանց տրամադրելով 10 հազար հատ սննդի և հիգիենայի միջոցներով ծանրոցներ:

Սադիո Մանե․ 45 հազար եվրո

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն Սենեգալում կորոնավիրուսի դեմ պայքարի համար 45 հազար եվրո է նվիրաբերել։ Ֆուտբոլիստն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է կորոնավիրուսի տարածման մասշտաբների մասին: Մանեն հայրենակիցներին կոչ է արել շատ լուրջ վերաբերվել կորոնավիրուսին:

Ֆլորենտինո Պերես

Իսպանական «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նվիրատվություն է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարին: Պերեսը մեծ գումար է հատկացրել բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։

Ռոմա

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մարդասիրական քայլով է աչքի ընկել. ի աջակցություն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի՝ ակումբը 13 հազար դիմակ է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին:

Սերխիո Ռամոս

Իսպանական «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը բարեգործական քայլով է աչքի ընկել։ 33-ամյա պաշտպանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ 264571 դիմակ, Covid-19-ի 15000 թեստ և 1000 պաշտպանիչ միջոցներ է նվիրաբերել Իսպանիայի բուժաշխատողներին։

Պեդրո

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոն 3000 պաշտպանիչ հատուկ դիմակներ է գնել իսպանացի բժիշկների համար։

«Երբեմն, իրավիճակը անկանխատեսելի ընթացք է ունենում: Գիտեմ, որ երկրում ֆինանսական խնդիրներ կան:Հույս ունեմ ՝ մենք շուտով կհաղթահարենք այս աղետը:

Ցավում եմ, որ Իսպանիան այսպիսի իրավիճակում է հայտնվել:Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին: Նրանք իրական հերոսներ են»,- ասել է Պեդրոն:

Բարսելոնա

«Բարսելոնան» իր բարեգործական հիմնադրամի միջոցով 30 հազար դիմակ է նվիրաբերել Կատալոնիայի առողջապահության նախարարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Չինական «Taiping» գործընկերոջից ստացված դիմակները կբաժանվեն ծերանոցներում: «Բարսելոնան» աշխատում է «Taiping»-ի հետ հունվար ամսից․ընկերությունը Չինաստանում ակումբի ապահովագրական գործընկերն է:

Թոբի Ալդերվերեյլդ

Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Թոբի Ալդերվերեյլդը հայտարարել է, որ ձեռք կբերի տասնյակ պլանշետային համակարգիչներ և դրանք կփոխանցի հիվանդանոցներ և ծերանոցներ:

«Կորոնավիրուսի պատճառով անձնական շփման պակաս կա: Եթե ​​մարդիկ հիվանդանում են, նրանք չեն կարող տեսնել ընկերներին և ընտանիքին: Հետևաբար, ես ուզում եմ գնել տասնյակ պլանշետներ և դրանք ուղարկել հիվանդանոցներ և ծերանոցներ, որպեսզի մարդիկ կարողանան կապ ունենալ իրենց հարազատների և ընկերների հետ, որպեսզի անցկացնեն այս դժվարին ժամանակահատվածը:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ես կփորձեմ փոխանցել այս պլանշետները այնտեղ, որտեղ նրանք կարող են օգտակար լինել»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը իր twitter-ում:

Ջենարո Գատուզո

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն օգնություն է ցուցաբերել իտալացի բժիշկներին։Իտալացին Կորիլյանո-Կալաբրոյի հիվանդանոցի համար շտապ օգնության մեքենա է գնել։Գատուզոն նաև մեծ քանակությամբ դիմակներ է նվիրաբերել հիվանդանոցներին։

«Սա ամենաքիչ բանն էր, որ մենք կարող էինք անել։ Վստահ եմ՝ դուրս կգանք այս իրավիճակից, եթե միասնական լինենք»,-ասել է Գատուզոն։

Добавить комментарий