Մարզչի հնարամտություն-հաղթանակ․ 5 փոխարինումներ, որ փոխեցին ամեն ինչ -
Top

Մարզչի հնարամտություն-հաղթանակ․ 5 փոխարինումներ, որ փոխեցին ամեն ինչ

399Views

Եվրոպական ֆուտբոլը վերադառնում է։ Այսօր արդեն վերսկսվում է Բունդեսլիգան։ Ստեղծված բարդագույն իրավիճակում թիմերին հնարավորություն է տրվելու կատարելու 5 փոփոխություն խաղի ընթացքում, բայց հիմա դրա մասին չէ, որ պետք է խոսենք։

Ֆուտբոլում փոխարինումներն արվում են խաղում ինչ-որ բան փոխելու համար։ Դա կարող է արտահայտվել՝ հարձակման գիծն ուժեղացնելով, դաշտի միջին հատվածը կամ էլ պաշտպանությունն ամրացնելով։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարզիչը հարկադրված է փոխարինում կատարում կամ էլ անում է դա արժեքավոր վայրկյաններ շահելու համար։

Մենք փորձել ենք վերհիշել վերջին տարիներին ֆուտբոլային դաշտում կայացած 5 փոխարինում, որոնք փոխեցին ամեն ինչ։ Ճիշտ է համեմատական իմաստով Աշխարհի առաջնության եզրափակչի փոփոխությունը հնարավոր չէ նույն հարթության վրա դնել Բունդեսլիգայի հերթական տուրի փոխարինման հետ, բայց ամեն դեպքում փորձել ենք հիշել ամենաֆանտաստիկ փոխարինումներն ու դրան հետևած իրադարձությունները։

1․ Մարիո Գյոտցե – 2014թ․ Աշխարհի առաջնության եզրափակիչ
Գերմանիա 1-0 Արգենտինա (Մարիո Գյոտցե՝ 113)

Միրոսլավ Քլոզեն և Մարիո Գյոտցեն ՝ Գերմանիայից, 2014 թվականի հուլիսի 13-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում

Աշխարհի առաջնության 2014 թվականի առաջնության եզրափակիչ խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, հաշիվը 0-0 էր։ «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը որոշեց դաշտից հանել Միրոսլավ Քլոզեին։ 36-ամյա ֆուտբոլիստը ֆանտաստիկ Մունդիալ էր անցկացրել՝ գերազանցելով Ռոնալդոյի ռեկորդը ու դառնալով Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։

Քլոզեին փոխարինեց Մարիո Գյոտցեն։ Հեռանկարային գերմանացին ընդամենը 22 տարեկան էր։ Նրան «Բորուսիայից» փախցրել էր «Բավարիան»։ Գյոտցեն հանդիպման հերոսն էր։ 113-րդ րոպեին հենց նա Անդրե Շյուռլեի փոխանցումից հետո գրավեց Սերխիո Ռոմերոյի դարպասը։ Գերմանիան հռչակվեց Աշխարհի չեմպիոն։

2․ Գարեթ Բեյլ – 2018թ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» 3-1 «Լիվերպուլ» (Բենզեմա՝ 51, Բեյլ՝ 63, 83, Մանե՝ 55)

Զինեդին Զիդանի «Ռեալը» 2018-ին գնում էր երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելու։ Երկրորդ տարին անընդմեջ Զիդանը Գարեթ Բեյլին եզրափակիչում թողեց պահեստային նստարանին՝ խաղալու հնարավորություն տալով Իսկոյին։ Այս անգամ Բեյլը առավել քան կատաղած է եղել, ինչի մասին նա ասել էր հետագայում։ Ֆրանսիացի մասնագետի ու ուելսցու հարաբերությունները արդեն լարված էին։

Սակայն դա ամենևին էլ չխանգարեց 1-1 հաշվի ժամանակ՝ 61-րդ րոպեին, հանել դաշտից Իսկոյին, որը շատ նպաստավոր դիրքից վրիպել էր խաղակեսի սկզբում ու դաշտ դուրս բերել Բեյլին։ 63-րդ րոպեին Բեյլը շրջադարձ խելահեղ, անհավանական հարվածով գրավեց օրվա հակահերոսի Լորիս Կարիուսի դարպասը, իսկ 30 րոպե անց վերջինիս օգնությամբ ձևակերպեց վերջնական հաշիվը։ «Ռեալը» Բեյլի դուբլի ու Կարիուսի սխալների շնորհիվ 13-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային չեմպիոնի գավաթը։

3․ Ջինի Վեյնալդում – 2019թ․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
«Լիվերպուլ» 4-0 «Բարսելոնա» (Օրիգի՝ 7, 79, Վեյնալդում՝ 54, 56)

Չեմպիոնների լիգայի ամենաանհավանական քամբեքներից մեկը իրականացավ նախորդ տարի «Էնֆիլդում» նաև հենց նրա շնորհիվ։ Ջինի Վեյնալդումը «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղում մնացել էր պահեստային նստարանին։ Ընդմիջումից հետո, երբ հաշիվը 1-0 էր հօգուտ «Լիվերպուլի», իսկ «կարմիրներին» առնվազն երկու գոլ դեռ պետք էր, Կլոպը հանեց Էնդրյու Ռոբերտսոնին դաշտից, Ջինիին ուղարկեց հարձակման գիծ, իսկ Միլներին առաջադրանք տվեց խաղալու ձախից։

54-րդ րոպեին Վեյնալդումը եզրափակեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումը, երկու րոպե անց հավասարեցրեց դիմակայության հաշիվը՝ գնդակն ուղարկելով Տեր Շտեգենի դարպասը գլխի հարվածով։ Ավելի ուշ Օրիգին խփեց հաղթական գնդակը, ինչի շնորհիվ էլ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ։

4․ Սերժի Ռոբերտո – 2017թ․ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ
«Բարսելոնա» – ՊՍԺ 6-1 (Սուարես՝ 3, Կուրզավա (ինքնագոլ)՝ 40, Լիոնել Մեսսի՝ 50, Նեյմար՝ 88,90, Սերժի Ռոբերտո՝ 90+5, Կավանի՝ 62)

Շարունակելով ՉԼ-ի աննկարագրելի քամբեքների թեման՝ խոսենք մի խաղի մասին, որտեղ զոհը «Բարսելոնայի» մրցակիցն էր։ ՊՍԺ-ի դեմ քամբեքը հիշվելու է միշտ։ Այս անհավանական խաղում կատալոնական ակումբը 6 գոլ խփեց, մինչդեռ առաջին խաղում Փարիզում պարտվել էր 0-4 հաշվով։ 3-1 հաշվի ժամանակ՝ 76-րդ րոպեին Լուիս Էնրիկեն դաշտ դուրս բերեց Սերժի Ռոբերտոյին։ Իսպանացին փոխարինեց Ռաֆինյային։

Վերջին րոպեներին Նեյմարի երկու գոլերից հետո նույն Նեյմարի փոխանցումից հետո Սերժի Ռոբերտոն գրավեց Կևին Տրապի պաշտպանած դարպասն ու խելագարության հասցրեց «Կամպ Նոուն»։ «Բարսելոնան» հաղթեց 6-1։ Թերևս քչերն են հիշում, որ այդ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը եկել է պահեստային նստարանից։

5․ Ռոբերտ Լևանդովսկի – Բունդեսլիգա 2015-16, 6-րդ տուր
«Բավարիա» – «Վոլֆսբուրգ» 5-1 (Լևանդովսկի՝ 51, 52, 55, 57, 60, Կալիջյուրի՝ 26)

Իր նշանակությամբ այս փոխարինումը մյուս չորսի հետ համեմատվել չի կարող խաղի կարևորության տրամաբանության մեջ, բայց թե ինչ եղավ այս փոխարինումից հետո առավել քան պատմական էր։ Բունդեսլիգայի 2015-16 մրցաշրջանի 6-րդ տուրում «Բավարիան» տանը հյուրընկալել էր «Վոլֆսբուգին» ու առաջին կեսից հետո պարտվում էր 0-1 հաշվով։

Ընդմիջմանը մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կրկնակի փոփոխություն կատարեց՝ դաշտից հանելով Խուան Բերնատին և Տիագո Ալկանտարային։ Նրանց փոխարեն խաղը շարունակեցին Խավի Մարտինեսն ու Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջինս 9 րոպեում ձևակերպեց պենտա-տրիկ՝ խելագարության հասցնելով անգամ ամենախելագար Պեպ Գվարդիոլային։ Սա պատմության ամենաարագ պենտատրիկն էր, և ով, եթե ոչ հենց Լևանդովսկիի պես հարձակման գծի գազանը պետք է հասներ այդ նվաճմանը։

Добавить комментарий