Ո՞ր թիմն էր ավելի պատրաստ Բունդեսլիգայի վերսկսմանը - Champions.am
Ֆուտբոլ

Ո՞ր թիմն էր ավելի պատրաստ Բունդեսլիգայի վերսկսմանը

356Views

Մայիսի 16-ին վերսկսվեց Բունդեսլիգայի դադարեցված առաջնությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ սա սովորական դադար չէր: Վերջին 2 ամսվա ընթացքում թիմային մարզումները վերսկսվել էին միայն 10 օր առաջ: Դա նշանակում էր, որ ցանկացած արդյունք սպասելի էր վերսկսումից հետո՝ առաջին տուրում:

Բունդեսլիգայի ակումբները չէին կորցրել իրենց ֆուտբոլ խաղալու ունակությունները:Լավագույն ապացույցը Ռուրյան դերբին էր, որտեղ «Բորուսիան» առանց առաջատար Ջեյդոն Սանչոյի 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե 04»-ի դարպասը: Եվ ամենևին էլ գրանցված հաշվի պատճառն այն չէր, որ «Շալկեն» վերջին տուրերում չափազանց անհաջող էր հանդես եկել: Գելզենկիլխենի թիմը, որքան էլ վատ վիճակում է գտնվում, «Դորտմունդի» դեմ խաղերին ունենում է ներկայանալի տեսք: «Բորուսիան» հաղթեց ու ցույց տվեց, որ չեմպիոնական պայքարի բովում է:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» կատարյալ հանգիստ խաղ անցկացրեց՝ մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Յունիոն Բեռլինի» դարպասը: Բավարացիները հնարավորինս ուժերը խնայեցին՝ այդկերպ խուսափելով ավելորդ վնասվածքներից: Առաջնության վերսկսմանը պատրաստ չէր «ՌԲ Լայպցիգը»: Նագելսմանի սաները տնային խաղում չկարողացան հաղթանակ կորզել «Ֆրայբուրգից»՝ 1-1: Ճիշտ է, իր հերթին «Ֆրայբուրգն» էլ պայքարում է Եվրոպա լիգայի գոտի մտնելու համար, բայց խաղում, որտեղ ունես շատ գոլային պահեր ու մեծ առավելություն, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարում ես 23 հարված՝ մրցակցի 7 հարվածի դիմաց, պարտավոր ես հաղթել: Չէ որ, ի վերջո, թիմը երկար ժամանակ առաջնության առաջատարն էր: «Լայպցիգի» սայթաքումից օգտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիան»՝ մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնթրախտին» ու բարձանալով 2-րդ հորիզոնական: Խաղում որոշիչ եղավ Ռոզեի սաների մեկնարկային 7 րոպեում խփած 2 գնդակը: Ընդհանուր առմամբ, մնացած ժամանակահատվածում ծավալվեց հավասար պայքար: Շատ լավ մեկնարկ վերցրեց նաև «Վոլֆսբուրգը»: Գլասների տղաները արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեցին «Աուգսբուրգին»՝ չնայած հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել: Այս հաղթանակից հետո «գայլերը»ամրապնդվեցին 6-րդ տեղում: Անսպասելի վատ ելույթ ունեցավ «Հոֆենհայմը»: Առանց վնասվածք ունեցող Սարգիս Ադամյանի, Շրյոդերի գլխավորած թիմը տանը 0-3 հաշվով ջախջախվեց Բեռլինի «Հերտայի» կողմից: Այս պարտությունից հետո «Հոֆենհայմն» արդեն 4 միավորով է հետ մնում Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ տեղից:

Մարտական ոչ-ոքի՝ 2:2 խաղացին «Քյոլն» ու «Մայնցը»։ Ընդ որում, «այծերը» հաշվի մեջ առջևում էին 2-0 հաշվով, սակայն վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Մայնցը»՝ կամային որակների հաշվին, կարողացավ փրկել խաղը: Աղյուսակի ստորին հատվածում գտնվող «Դյուսելդորֆն» ու «Պադերբորնը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Վերջինիս ճակատագիրը գրեթե որոշված է: Տուրի վերջին խաղում Լևերկուզենի «Բայերը» 4-1 հաշվով առավելության հասավ անդունդում գտնող Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: «Բայերը» ևս պայքարում է լավագույն քառյակում տեղ զվաղեցնելու համար: Այսպիսով, կարող ենք փաստել, որ չեմպիոնական պայքարի մեջ այս պահին շարունակում են մնալ «Բորուսիա» Դ. ու «Բավարիան»: Միգուցե, «Բորուսիա» Մ. ու «Լայպցիգը» ևս կմիջամտեն պայքարին:

Եկող՝ 27-րդ տուրում կմրցեն «Հերտան» ու «Յունիոն Բեռլինը», «Բավարիան» ու Ֆրանկֆուրտի «Այնթրախտը», «Վոլֆսբուրգն» ու Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգն» ու «Վերդերը», «Քյոլն» ու «Դյուսելդորֆը», «Մայնցն» ու «Լայպցիգը», «Շալկեն» ու «Աուգսբուրգը», «Պադերբորն» ու «Հոֆենհայմը», Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու Լևերկուզենի «Բայերը»:

Добавить комментарий