Լոռին Գյումրիում հաղթեց Շիրակին ու բարձրացավ երկրորդ հորիզոնական (🎥) -
Ֆուտբոլ

Լոռին Գյումրիում հաղթեց Շիրակին ու բարձրացավ երկրորդ հորիզոնական (🎥)

53Views

Վանաձորի «Լոռին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:

Վանաձորյան թիմի ֆուտբոլիստները, ովքեր այսօր դաշտ էին դուրս եկել առանց իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի, բավականին ակտիվ սկսեցին խաղը ու առաջին կեսում երեք բավականին լուրջ գոլային պահ ստեղծեցին «Շիրակի» դարպասին. երեք դեպքում էլ գոլի հեղինակ դառնալուն մոտ էր Ջոնել Դեսիրեն, սակայն՝ չստացվեց:

Այդուհանդերձ, առաջին կեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, «Լոռիի» ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. արգենտինացի հարձակվող Ագուստին Մասեիրոն գրավեց Վսևոլոդ Երմակովի դարպասն ու բացեց հանդիպման հաշիվը:

«Լոռիի» առավելությունը կրկնապատկեց Արման Մկրտչյանը` 69-րդ րոպեին գրավելով Երմակովի դարպասը:

Բաց թողած գոլից ընդամենը 3 րոպե անց «Շիրակի» խաղացողները, ովքեր երկրորդ կեսը բավականին ակտիվ սկսեցին, կարողացան մեկ գնդակ հետ բերել ու պահպանել խաղի ինտրիգը. 72-րդ րոպեին «Լոռիի» դարպասը գրավեց «Շիրակի» և ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն՝ խփելով իր 14-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում:

Հիշեցնենք՝ այս խաղում թիմերն առաջին անգամ իրավունք ստացան 5-ական փոխարինում կատարելու. ամբողջ խաղի ընթացքում «Շիրակը» և «Լոռին» միասին 9 փոխարինում կատարեցին:

Նշենք՝ խաղից հետո «Լոռիի» իսպանացի մարզիչները դաշտում ծածանեցին Իսպանիայի դրոշն՝ ի աջակցությունը թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի, որը դեռևս չի վերադարձել Հայաստան և այսօր՝ մայիսի 23-ին, նշում է ծննդյան տարեդարձը:

Այս հանդիպումից հետո «Լոռին» իր միավորների թիվը հասցրեց 32-ի և բարձրացավ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով «Ալաշկերտին», որն այս տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել: Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա Վարդան Բիչախչյանի թիմը շարունակում է հանգրվանել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 28 միավոր:

Добавить комментарий