Օզբիլիսն իր փորձի հաշվին ուզում է օգնել, բայց այնքան էլ լավ մարզավիճակում չէ. Փյունիկի մարզիչ - Champions.am
Ֆուտբոլ

Օզբիլիսն իր փորձի հաշվին ուզում է օգնել, բայց այնքան էլ լավ մարզավիճակում չէ. Փյունիկի մարզիչ

227Views

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո լրագրողների հարցերին հեռավար եղանակով պատասխանել է նաև «Փյունիկի» մարզիչ Աշոտ Ավետիսյանը, որը Ռոման Բերեզովսկու բացակայության պայմաններում կատարում էր թիմի գլխավոր մարզչի պարտականություններն այս խաղում.

«Մանկական սխալի արդյունքում արագ գոլ բաց թողեցինք: Ամեն դեպքում, տղաներն ամեն ինչ արեցին, փորձեցին խաղը փրկել, շտկել սխալները, ինչի համար շնորհակալություն իրենց: Չեմ կարծում, որ պետք է 0-3 հաշիվ գրանցվեր»:

-Արաս Օզբիլիսի մասին ի՞նչ կասեք: Նա ի՞նչ մարզավիճակում է:

-Լինելով փորձառու խաղացող՝ կարծում եմ՝ այնքան էլ լավ մարզավիճակում չէ, բայց իր փորձով նա ամեն գնով ուզում է ինչ-որ օգտակար բան անել թիմի համար:

-Արմեն Մանուչարյանի դիրքի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Վերջին մարզումների, ինչպես նաև երկկողմանի խաղերի ժամանակ նրան հիմնականում այդ դիրքում ենք խաղացրել: Ամեն դեպքում, Ուգոչուկվու Իվուին չհաշված, Արմենն էր որակական հատկանիշներով համապատասխանում այդ դիրքին:

-Անդրեա Դրագոևիչի բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ հենց Սուգրոբովի վրա, և ինչպե՞ս կմեկնաբանեք նրա խաղը:

-Մարզումներից ելնելով, դարպասապահների մարզչի հետ խորհրդակցելով՝ որոշեցինք, որ Սուգրոբովը պետք է խաղա: Միայն այդ պատճառով էր Դրագոևիչը բացակայում:

-Այսօր երիտասարդները շատ խաղաժամանակ ստացան՝ փոխարինման դուրս գալով … Նորայր Ղազարյանը, Լևոն Վարդանյանը: Նրանց խաղի մասին ի՞նչ կասեք:

-Երիտասարդները ցանկության հաշվին ուզում են ինչ-որ բան անել: Համենայն դեպս նրանց կրթություն է անհրաժեշտ՝ Բարձրագույն խմբում կայանալու համար: Ժամանակ պետք է տրամադրենք: Նրանք մերն են ու նրանք են վաղվա մեր ֆուտբոլի ապագան: Այսօր ունենք լեգիոներներ, ովքեր վաղը կարող են գնալ, և հույսը պետք է մեր տեղի ֆուտբոլիստների վրա դնենք՝ ինչպես խոստումնալից երիտասարդների, այնպես էլ՝ հավաքականի թեկնածուների:

Добавить комментарий