Գանձասար-Կապանը փակման շեմի՞ն է -
Ֆուտբոլ

Գանձասար-Կապանը փակման շեմի՞ն է

254Views

«Գանձասար-Կապան» ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել։ Այս մասին ArmSport-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից։ Ակումբի ֆինանսական խնդիրների մասին գրել էինք դեռևս ապրիլի կեսերին։ Այժմ մեզ հասած տեղեկություններով ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել և հարցականի տակ է ակումբի մասնակցությունը գալիք մրցաշրջանին: Ինչպես հայտնի է, ակումբի հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև «Գանձասար-Կապանից»: Ակումբի լրատվական ծառայությունից հաստատեցին մինչ այդ արդեն հրապարակված տեղեկությունը։ «Ֆիանանսական խնդիրներ կան։ Ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ աջակցություն ստանալու համար, իսկ ֆեդերացիայից պատասխանել են, որ դեռ պետք է սպասել: Անկախ ամեն ինչից, թիմն այս տարի մինչև վերջ մասնակցելու է առաջնությանը, իսկ թե ինչ կլինի առաջնությունից հետո, այդ մասով ոչ մի խոսակցություն չի եղել»,- մեզ հետ զրույցում նշեց ակումբի մամուլի ծառայության պատասխանատու Արմեն Այվազյանը:

Ըստ էության, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամը դեռ նոր է սկսում թակել հայկական ֆուտբոլային ակումբների դռները և զարմանալի չի լինի առաջիկայում լսել, որ շատ ակումբներում կլինեն խորքային փոփոխություններ: Այլ հարց է, թե ակումբներից որն ինչպե՞ս կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Добавить комментарий