10 խաղ, 10 եզրափակիչ. Կենաց մահու կռիվը սկսվում է -
Ֆուտբոլ

10 խաղ, 10 եզրափակիչ. Կենաց մահու կռիվը սկսվում է

240Views

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց: Առաջնության առաջին շրջանի ավարտին մնացել էր մեկ տուր: Հենց այդ տուրն էլ հնարավորություն տվեց հասկանալ, թե որ թիմը որքանով էր պատրաստ առաջնության վերսկսմանը:

ԿԱՐԱՆՏԻՆԸ ԼԱՎ ԸՆԿԵՐ ՉԷՐ

Կարելի է ասել՝ ինչ սպասում էինք, դա էլ տեսանք՝ բացառությամբ որոշ դրվագների, ինչու չէ նաև՝ որոշ թիմերի: 18-րդ տուրի խաղերի ընդհանուր որակր չգոհացրեց, ֆուտբոլիստները ֆիզիկապես ամբողջովին պատրաստ չէին: Լավ է, որ գոնե այս պահին կա 5 փոփոխություն անելու հնարավորություն:

Այս մրցաշրջանում ոչնչի համար չպայքարող «Փյունիկը» աննախանձելի տեսք ուներ «Արարատ-Արմենիայի» հետ պայքարում: Գործող չեմպիոնը, պահեստայինների նստարանին թողնելով մի ամբողջ մեկնարկային կազմ, 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի բազմակի չեմպիոնի դարպասը:

«Արարատ»-«Ուրարտու» խաղին դժվար է ինչ-որ գնահատական տալ, քանի որ 2 թիմն էլ զրկված էր առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսին օգտագործելու հնարավորությունից: Տպավորություն էր, որ ով առաջինը հասներ հաջողության, նա էլ կհաղթեր: «Արարատից» Դավիթ Խուրցիձեն 54-րդ րոպեին խփեց խաղի միակ ու հաղթական գնդակը:

Նույն հաշիվը գրանցվեց նաև «Ալաշկերտ»-«Նոա» խաղում. Մաքսիմ Մայրովիչը շատ կարևոր 3 միավոր պարգևեց «Նոային»: Չնայած «Ալաշկերտը» թարմ տեսք ուներ ու մի քանի լավ հնարավորություն ստեղծեց, բայց վերջնական հարվածը չէր բավարարում կամ հրաշալի էր գործում դարպասապահ Վիմերկատին:

Ամենադրամատիկը մարզային դերբին էր՝ «Շիրակ»-«Լոռի»: Ճիշտ է, խաղին ներկա չէր վանաձորյան թիմի մարզիչը, բայց մշտապես կապի մեջ էր ակումբի աշխատակիցների հետ ու տալիս էր իր հրահագները: Մարզային դերբիում հաղթեց Ջիմի-Բենդի ու Դեսիրեյի ստեղծարար ֆուտբոլը: Դեսիրեն գործում էր ենթահարձակվողի դիրքում՝ ունենալով ավելի շատ մանևրելու հնարավորություն, իսկ Ջիմի-Բենդի հնարավորությունները օգտագործվեցին հենակետային դիրքում: Առաջին խաղակեսում «Շիրակը» «բացակայում» էր խաղադաշտից: Երկրորդ կեսի երկրորդ հատվածում Գյումրիի թիմը ակտիվացավ, կարողացավ մեկ գնդակ հետ բերել, բայց ավելին անել չհաջողվեց. «Լոռին» շատ կարևոր 3 միավոր վաստակեց:

Այժմ սկսվում է վեցնյակի թիմերի պայքարը: 10 տուր, 10 եզրափակիչ:

Խաղասեղանին դրված է ՉԼ-ի 1 և Եվրոպա Լիգայի 2 կամ 3 ուղեգիր (1 ուղեգրի ճակատագիրը կախված է նրանից, թե ով կդառնա գավաթակիր): Սա նշանակում է, որ ուղեգրերը իրար միջև խաղարկող թիմերի ցանկացած դիմակայություն 6 միավորի արժեք ունի: Առաջատար «Արարատ-Արմենիան» 36 միավոր ունի, իսկ վեցերորդ տեղում գտնվող «Շիրակը»՝ 28: Երկրորդ տեղում գտնվող «Լոռին» 2 միավորի առավելություն ունի 5-րդ տեղում գտնվող «Նոայի» նկատմամբ։

Կշարունակի՞ «Շիրակը» պայքարել չեմպիոնության համար:

Առաջիկա տուրի զարդը «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղն է: Կարելի է ասել, որ «Շիրակը», չեմպիոնական բովում մնալու համար, պետք է հաղթի: «Շիրակի» պարտության դեպքում միավորների տարբերությունը կհասնի 11-ի ու մնացած 9 տուրում շատ դժվար կլինի «Արարատ-Արմենիայից» հետ բերել այդքան միավոր: Այս առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ: 2 խաղում էլ գրանցվել է նույն՝ 1:0 հաշիվը: Գյումրիում Մորի Կոնեի խփած գնդակն էր հաղթական, իսկ երևանյան խաղում 71-րդ րոպեին Նարսինգը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր թիմի կողմը: Խաղը կայանալու է ՀՖՖ Տ/Կ-ում: Հաշվի առնելով նախորդ խաղի արդյունքն ու ցուցադրած խաղը՝ ֆավորիտի կարգավիճակում կլինի «Արարատ-Արմենիան»: «Շիրակի» կազմում կրկին չի լինի Ուրոշ Նենադովիչը, որը վերադարձել է Սերբիայից, բայց գտնվում է կարանտինում: Գործող չեմպիոնից նույն կարգավիճակում է երկրորդ դարպասապահ Չուպիչը: Հասկանալի է, որ «Արարատ-Արմենիայի» հետ դժվար է լինելու պայքարել, բայց սա Հայաստանի առաջնությունն է, և առաջիկա տուրը կտա շատ հարցերի պատասխան:

Վանաձորում երկրորդ տեղում գտնվող «Լոռին» կընդունի «Նոային»: Հետաքրքրության առումով այս խաղը կարող է լինել լավագույնը: 2 թիմն էլ լավ տպավորություն թողեցին նախորդ տուրում: «Լոռիի» կազմում նախորդ տուրի խաղում չզգացվեց Զաերկոյի բացակայությունը: Վադիմ Բորեցի՝ «Ալաշկերտի» դեմ խաղի մեկնարկային կազմում չկար և ոչ մի հայ: Սա շարունակում է մտահոգելու տեղիք տալ, բայց մյուս կողմից «Նոան» որակյալ ու ստաբիլ խաղ է ցուցադրում: Այս առաջնությունում թիմերը տարել են մեկական հաղթանակ: 4-րդ տուրի վանաձորյան խաղում հաղթական եղավ Գրիգոր Աղեկյանի գնդակը, իսկ 13-րդ տուրում «Նոնան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց: 3-0 հաշվի պայմաններում Զաերկոն խփեց հեղինակության գնդակը: Այս խաղում 2 թիմի հնարավորությունն էլ կարելի է հավասար գնահատել:

Վեցնյակից վերջին զույգը կազմել են «Ալաշկերտն» ու «Արարատը»: Արմեն Ադամյանի սաները «Նոայի» դեմ խաղում շատ լավ տպավորություն թողեցին, ստեղծեցին մի քանի պահեր, սակայն ինչ-որ բան չէր բավականացնում: «Ալաշկերտ»-«Արարատ» խաղում կարելի է մի փոքր առավելություն տալ գործող գավաթակրին, քանի որ «Արարատի» կազմն ամբողջական չէ: Ընթացիկ առաջնության շրջանակում թիմերը 2 խաղն էլ ավարտել են նույն՝ 1:1 հաշվով: 4-րդ տուրում Գալվաոյի գնդակին պատասխանել էր Ռիժովը, իսկ 13-րդ տուրում Արտակ Ալեքսանյանն էր բացել հաշիվը, «Ալաշկերտից» էլ պատասխանել էր նույն Գալվաոն:

Տուրի վերջին խաղում «ընկերական» հանդիպում կանցկացնեն «Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը»: Թիմերի միակ մոտիվացիան հնարավոր ամենաբարձր՝ 7-րդ տեղ զբաղեցնելն է: Այս առաջնության 4-րդ տուրում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, իսկ 13-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց 4:2 հաշվով:

Առաջիկա՝ 19-րդ տուրի խաղացանկը.

30.05.2020 15:45-«Լոռի»-«Նոա» / ՎՖԱ մ/դաշտ

30.05.2020 19:15-«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» / Ֆուտբոլի ակադեմիա 

31.05.2020 16:45-«Ալաշկերտ»-«Արարատ» / «Նաիրի» 

01.06.2020 18:30-«Ուրարտու»-«Գանձասար-Կապան» / Ուրարտու-1 

Добавить комментарий