Ռամոս․ ՉԼ եզրափակչում Ատլետիկոյին խփածս գոլը փոխեց Ռեալի պատմությունը -
Ֆուտբոլ

Ռամոս․ ՉԼ եզրափակչում Ատլետիկոյին խփածս գոլը փոխեց Ռեալի պատմությունը

Սերխիո Ռամոս
213Views

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հիշել է Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակչում «Ատլետիկոյին» խփած իր կարևորագույն գոլը (4-1): Նա ավելացված ժամանակում հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ մյուս 3 գոլերը «Ռեալը» խփեց լրացուցիչ ժամանակում։

«Գիտեինք, որ «Ատլետիկոն» շատ վտանգավոր է, հատկապես ստանդարտների ժամանակ։ Հասկանում էինք, որ պիտի լավ պաշտպանվեինք ու թույլ չտայինք իրենց դրսևորել այնտեղ, որտեղ նրանք ուժեղ են։ Չէինք նյարդայնանում, բայց շատ կենտրոնացած էինք ստանդարտների ժամանակ, այնպես որ բաց թողած գոլը թևաթափ անող հարված էր։

Երբ անկյունային վաստակեցինք, ժամանակն ավարտվել էր, բայց ես միշտ շատ դրական մարդ եմ եղել ու պայքարել եմ մինչև վերջ, քանի դեռ հույսի նշույլ է եղել։ Ինքս ինձ ասում էի, որ ամեն ինչ այսպես ավարտվել չի կարող։ Հիշում եմ՝ ինչպես էի տատիկներիս ու պապիկներիս մասին մտածում։ Այդպիսի պահերին գտնում եմ ինչպես ինձ մոտիվացնել, որ ամեն գնդակի համար պայքարեմ։ Կարծում եմ՝ հույսն օգնեց ինձ գլխով այնպես իդեալական հարվածել, որ Կուրտուան չկարողացավ որսալ հարվածը։ Իմ ընկեր Լուկա Մոդրիչը գերազանց օդային փոխանցում արեց, իսկ ես հարվածի մեջ ներդրեցի ողջ ցանկությունս ու հույսս։ Բայց գոլը խփեցի ոչ միայն ես, այլև «Ռեալի» յուրաքանչյուր երկրպագու։

Այդ գոլը կարիերայիս ամենակարևոր պահը դարձավ։ Այն փոխեց ոչ միայն «Ռեալի» պատմությունը, այլև՝ իմ կարիերան։ Այդ պահի երջանկությունն ընդմիշտ ինձ հետ է։ Այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում նաև նրա համար, որ Չեմպիոնների լիգայում իմ առաջին հաղթանակն էր։ Առաջին տիտղոսը միշտ էլ մյուսներից մի քիչ ավելի քաղցր է։ Այդ խաղից հետո մեծագույն շրջան սկսվեց»,- պատմել է Ռամոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում։

Добавить комментарий