Կիև, Տուլա, թե՞․․․ Որտե՞ղ կտեսնենք մենք վաստակավոր մարզչին և ինչո՞ւ Սյոմինը լքեց մոսկովյան ակումբը - Champions.am
Ֆուտբոլ

Կիև, Տուլա, թե՞․․․ Որտե՞ղ կտեսնենք մենք վաստակավոր մարզչին և ինչո՞ւ Սյոմինը լքեց մոսկովյան ակումբը

Յուրի Սյոմին
246Views

Յուրի Սյոմինը կարող է երրորդ անգամ դառնալ Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ: 73-ամյա ռուս մասնագետը թիմի մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է: Ըստ աղբյուրի, Սյոմինի և «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսի միջև տարաձայնությունները մնացել են անցյալում, կողմերի միջև խնդիրները կարգավորվել են:

Առաջին անգամ Սյոմինը մարզել է «Դինամոն» 2007-2009 թվականներին: Այնուհետև նա վերադարձել է Կիևը ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին 2010-ին և մարզել է թիմը մինչև 2012 թվականը: «Դինամոյի» հետ նա հաղթել է Ուկրաինայի առաջնությունը և երկրի Սուպերգավաթը:

Անձամբ 73-ամյա մասնագետը այսպես է արձագանքել ուկրաինական գրանդ վերադառնալու լուրերը․ «Ոչ ոք ինձ հետ դեռևս կապ չի հաստատել»,- մեջբերում է Սյոմինին Чемпионат-ը։

Իր հերթին Sport-express-ը հայտնում է, որ «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը կարող է գլխավորել Տուլայի «Արսենալը»: 73-ամյա մասնագետի նշանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ մրցաշրջանի սկզբում: Ներկայումս «զինագործների» թիմը գլխավորում է Իգոր Չերևչենկոն:

Հիշեցնենք, որ Սյոմինը լքեց մայրաքաղաքային ակումբը մայիսի 31-ին՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:

Վերջերս Սյոմինը ասել է, որ ինքը խանգարում էր ակումբի ղեկավարությանն իր աշխատանքով, և դա հանգեցրեց նրա բաժանմանը մոսկովյան ակումբից: Մայիսի 14-ին «Լոկոմոտիվը» հայտարարեց, որ Սյոմինը պայմանագրի ավարտից հետո հրաժարական կտա գլխավոր մարզչի պաշտոնից: Հունիսի 1-ից նրա տեղը կզբաղեցնի սերբական «Պարտիզանի» և հունգարական «Ֆեհերվարի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը:

«Լոկոմոտիվից հեռանալու պատճառն այն է, որ նրանց համար ես ենթարկվող մարզիչ չէի և որոշակի պահերին ես խանգարում էի նրանց: Ես շեշտում եմ. ոչ թե ակումբին, այլ անձամբ նրանց», – ասել է Սյոմինը՝ հավելելով, որ ինքը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ:

«Բան չունեմ ասելու. ես իմ խոսքը խաղադաշտում եմ ասել: Թիմի չեմպիոնական տիտղոսները ու մեդալներն ամեն ինչ ասում են: Հարցրե՛ք ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Նրանք ինձ հաջողություն ու բարիք են մաղթել. այդքանը»:

73-ամյա Սյոմինը «երկաթուղայինների» ակումբը ղեկավարել է չորս անգամ ՝ 1986-ից 1991 թվականներին, 1992-ից 2005 թվականներին, 2009-ից 2010-ը և 2016-ից 2020 թվականներին: Մասնագետը թիմի հետ երեք անգամ հաղթել է Ռուսաստանի առաջնությունը, վեց անգամ նվաճել երկրի գավաթը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում (ՌՊԼ), որը նախատեսվում է վերսկսել հունիսի 21-ից, «Լոկոմոտիվը» 22 տուրից հետո 41 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ինը միավորով զիջելով առաջատար «Զենիթին»:

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը համեմատել է «Լոկոմոտիվի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինին 82-ամյա Նիկոլայ Կարպոլի հետ, ով 1969 թվականից ղեկավարում է «Ուրալոչկա» կանանց վոլեյբոլի ակումբը:

«Ես այդպիսի մարզիչներից այդպես բաժանվելու կողմնակիցը չեմ: Մրցաշրջանը դեռ շարունակվում է, թիմը երկրորդ տեղում է: Ակումբ վերջին անգամ վերադառնալուց հետո Սյոմինը նվաճեց չեմպիոնությունը, նաև Ռուսաստանի երկու գավաթ: Եվ նախկինում, երբ նա հեռացել էր, ամեն ինչ ակումբի համար վերջացել էր։ Հիմա նոր մարզչի համար հեշտ չի լինի աշխատել, քանի որ շտապողականությունը երբեք լավ չէ: Սյոմինը հիանալի է 73 տարեկան հասակում, ֆիզիկապես հիանալի է իրեն զգում: Կարպոլը ավելի քան 80 տարեկան է, մարզում և հաղթում է, իսկ Սյոմինն ինչո՞վ է պակաս: Նա վերադարձավ «Լոկոմոտիվ», և բոլորը սկսեցին խաղալ: Թիմում կան շատ երիտասարդներ. Միրանչուկ եղբայրներ, Տուգարև, Ռիբչինսկի, Բարինով, Մագկեև», – մեջբերում է Տարխանովին Р-Спорт-ը:

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան ևս խոսել է «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինի մասին, տեղեկացնում է Match-ը:

«Նրանք բավական լավ թիմ ունեն: Ես շատ եմ խաղացել եմ Սյոմինի գլխավորած թիմի դեմ և կարող եմ ասել ՝ նա ֆենոմենալ մարզիչ է: Առանց Սյոմինի, «Լոկոմոտիվը» չէր նվաճի չեմպիոնական տիտղոսը: Նրանց ղեկավարությունը շատ տգեղ վարվեց այդ հրաշալի մարդու հետ: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու մոսկովյան ակումբը դիմեց այդ քայլին»,- ասել է Ձյուբան:

«Լոկոմոտիվի» երկրպագուները աջակցել են գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մարզիչը հեռանում է մոսկովյան ակումբից: Չերկիզովոյի մարզադաշտի հարևանությամբ երկրպագուները մեծ գրաֆիտի են պատկերել հայտնելով իրենց աջակցությունը մարզչին:

Добавить комментарий