Այսօր լեգենդար Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է -
Ծանրամարտ

Այսօր լեգենդար Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է

179Views

Այսօր՝ հունիսի 13-ին, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է։

Վարդանյանը ծնվել է 1956 թվականին Լենինականում (Գյումրի)։ 1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվականից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։

Առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1980 թվականին։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ՝ միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթել է աշխարհի առաջնությունը։ Նույն տարի նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, ով 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Վարդանյանը Երևանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր էր, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի 10-րդ և 11-րդ գումարման դեպուտատ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն։ Կրտսեր լեյտենանտ է։ 2008 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը։

Լեգենդար ծանրորդը մահացել է 2018 թվականի նեյեմբերի 1-ին՝ 62 տարեկան հասակում։

Добавить комментарий