Անգլիայի Պրեմիեր Լիգան վերադառնում է - Champions.am
Ֆուտբոլ

Անգլիայի Պրեմիեր Լիգան վերադառնում է

364Views

Երկար սպասված ԱՊԼ-ն վերադառնում է մառախլապատ Ալբիոնի մարզադաշտեր։ Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է առաջին երեք տուրերի հանդիպումների օրացույցը մրցաշրջանի վերսկսումից հետո։ Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որը դադարեցվել էր մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հունիսի 17-ին կվերսկսվի «Ասթոն Վիլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումներով:

Իսկ այժմ առաջարկում ենք վերհիշել՝ ի՞նչ իրավիճակ էր ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում՝ մինչ պարտադրված դադարը և հասկանալ՝ ի՞նչ հնարավոր սցենարների կարող ենք ականատես լինել առաջիկա երկու ամիսներին։

Այն, որ «Լիվերպուլը» 99%-ով ապահովել է չեմպիոնությունը, դրանում ոչ-ոք չի կասկածում․ Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացած դադարից առաջ «Լիվերպուլը» 25 միավորով գերազանցում էր «Սիթիին» մրցաշարային աղյուսակում(«Սիթին»մեկ խաղ պակաս է անցկացրել): 1989/1999 մրցաշրջանից ի վեր առաջին չեմպիոնական տիտղոսը գրանցելու համար «կարմիրներին» անհրաժեշտ է վեց միավոր վաստակել առաջնության մնացած ինը հանդիպումներում․ այսինքն բավական է հաղթել ընդամենը 2 խաղում։ Հաջորդ երկու տուրում «Լիվերպուլը» կխաղա «Էվերտոնի» և «Քրիստալ Փելասի» հետ: «Սիթիի» հետ հանդիպումը հաջորդն է: Տեսականորեն, եթե երկու թիմերն էլ երկու հաղթանակ տանեն, ապա Պրեմիեր լիգայի չեմպիոնների կարգավիճակով առաջին հանդիպումը Յուրգեն Կլոպի սաներն անցկացնելու են «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում: Վերջերս Mirror-ը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա թիմը նույնիսկ պատրաստ են «չեմպիոնական միջանցք» կազմել «Լիվերպուլի» համար, եթե մերսիսայդյան ակումբը չեմպիոն դառնա «Սիթիի» դեմ խաղից առաջ։ Դե ինչ, դա իրոք գեղեցիկ ժեստ կլինի «քաղաքաբնակների» կողմից, իսկ լիվերպուլցիները միանշանակ արժանի են նման պատվի։

Չեմպիոնի թեման կարելի է փակված համարել, իսկ ահա եվրագավաթային տեղերի համար պայքարը շա՜տ թեժ է լինելու։ Եթե հաշվի առնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկված է եվրագավաթներից (չնայած վերջնական որոշումը դեռ կայացված չէ), ապա ստացվում է, որ «Լեսթերը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ներկա պահին Չեմպիոնների Լիգայի գոտում են, իսկ «Վուլվերհեմփթոնը» և առաջնության նորեկ «Շեֆիլդը» ընդամենը երկու միավորով են հետ մնում ՄՅՈւ-ից։ Լոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը», ևս կարող են միանալ այդ պայքարին։ Մրցաշարային աղյուսակի այդ հատվածում թիմերի դասավորվածությունը բավականին խիտ է, և տառացիորեն ամեն տուրում մրցաշարային աղյուսակը կարող է էական փոփոխություններ կրել։ Դեռ չենք խոսում, որ տեսականորեն 10-12-րդ տեղերը զբաղեցնող թիմերը ևս կարող են հավակնել Եվրոպա Լիգայի ուղեգիր տվող 5-6-րդ տեղերում հանգրվանելուն։ Այս առումով մեզ սպասվում են բավականին անզիջում և հետաքրքիր հանդիպումներ առաջիկա տուրերում։

Ահա և առաջնության երկրորդ ինտրիգը՝ ովքե՞ր կլինեն ԱՊԼ-ի անհաջողակները։ Ինչ վերաբերվում է առաջնության ստորին հատվածին, ապա այստեղ ևս ամեն ինչ պարզ չէ։ Առաջնության հետնապահը՝ «Նորվիչը», 2-3 հաջող հանդիպումներից հետո կարող է դուրս գալ մրցաշարային աղյուսակի նկուղից․ հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքներով վերջին երեք տեղերը զբաղեցնող թիմերը դուրս կմնան առաջնությունից՝ իրենց տեղը զիջելով Չեմպիոնշիփի լավագույն եռյակին։ Ներկա դրությամբ, առաջնությունը լքելուն հավակնում են 6 թիմեր․ դրանք 15-20-րդ տեղերը զբաղեցնող թիմերն են։ Այո, առաջնությունը լքելու ամենագլխավոր թեկնածուն մնում է «Նորվիչը», սակայն, ինչպես վերևում արդեն նշեցինք, միավորների տարբերությունը այդքան էլ ահռելի չէ, և մի քանի տուր հետո «դեղձանիկների» տեղը կարող է զբաղեցնել մեկ այլ թիմ։

Չեզոք դիրքեր են զբաղեցնում «Նյուքասլը» և «Սաութհեմփթոնը»։ Տեսականորեն, նրանք կարող են հայտնվել վտանգավոր գոտում (8-7 միավոր է բաժանում այդ գոտուց), սակայն և հակառակը՝ կարող են միանալ եվրագավաթային մրցավազքին (նույն 8-7 միավորի տարբերություն)։ Այնուամենայնիվ, այս երկու սցենարներն էլ քիչ հավանական են այս դուետի դեպքում։ Վերջերս շատ է խոսվում «Նյուքասլի» մասին, որ թիմը կարող է գնել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը՝ երկրի արքայազնի գլխավորությամբ, և շատ մասնագետներ և երկրպագուներ ակնկալում են մեծ ներդրումներ ակումբում, սենսացիոն տրանսֆերներ։ Սակայն, եկեք չմոռանանք, որ դա վերաբերվում է արդեն հաջորդ մրցաշրջանին, եթե նույնիսկ այդ գործարքը իրականանա, ակումբը այս մրցաշրջանը, միևնույն է, կավարտի ներկայիս կազմով։ Այնպես որ, «կաչաղակներից» ինչ որ հերոսություններ մինչև աշուն ակնկալել պետք չէ։

Ինչ վերաբերվում է լավագույն ռմբարկուներին, ապա ցուցակը գլխավորում է «Լեսթերի» առաջատարը՝ Ջեյմի Վարդին։ «Աղվեսների» հարձակվողը մինչ պարտադրված դադարը հասցրել է 19 անգամ տխրեցնել մրցակիցների դարպասապահներին։ Նրան հաջորդում են Օբամեյանգը «Արսենալից»՝ 17 գոլ, «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Ագուերոն՝ 16 գոլ, և նույնքան անգամ աչքի ընկած Սալահը «Լիվերպուլից»։ Կցանկանայի նշել նաև Ինգսին «Սաութհեմփթոնից», ով արդեն 15 գոլ է խփել այս առաջնությունում և պարզապես հիանալի մրցաշրջան է անցկացնում։

Առաջնության լավագույն դիսպետչերը Կևին Դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիից», ով 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մինչ առաջնության դադարը։ Նրան հաջորդում է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ում ակտիվում 12 արդյունավետ փոխանցում է։

Դե ինչ, չնայած չեմպոնության համար պայքարը կարելի ավարտված համարել, բայց ԱՊԼ-ի ակումբների 80%-ը դեռևս իր առջև կանգնած խնդիրներ ունի լուծելու, և հավանաբար մինչև եզրափակիչ տուրը մեզ սպասվում են բավականին թեժ, անզիջում և իհարկե՝ էմոցիոնալ հանդիպումներ․․․

Добавить комментарий