Ազգային ժողովի դիմաց այսօր անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից, Հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն։
« Այդ պահին լրացուցիչ տեղեկություններ չունեի, հետագայում կապվեցի ընտանիքի անդամներից եղբոր որդու հետ։ Տեղեկացել եմ, որ ամեն ինչ հարթվել է, Ռոմանն ազատ է արձակվել։ Այս պահին ոչ մի խնդիր չկա՝ աջակցության, օգնության անհրաժեշտություն չկա: Ամոյանի հետ չեմ խոսել, չգիտեմ ինչ հիմքով են բերման ենթարկել: Դատում եմ այն կադրերով, ինչ տեսել եմ: Այստեղ խնդիրն այլ է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր ուժայինների կողմից, թե՞ ոչ»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ադրբեջանցուն հաղթած մարզիկի նկատմամբ իրավունք չունեին ոստիկաններն այդպիսի գործողություններ իրականացնել, Ջուլֆալակյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ սխալ է այդ ուղղությամբ տանել հարցը։ Օրինակ, այսպիսի համեմատություն անեմ․ եթե հայտնի մարդը ցանկացած բնագավառում ինչ-որ օրենքի խախտում է թույլ տվել, դա իրավո՞ւնք է թույլ տալիս՝ անվանի լինելը մարդուն ապահովագրո՞ւմ է պատասխանատվությունից։ Եթե ես ու մեկ այլ ոչ հայտնի մարդ դրսում ապօրինություններ թույլ տանք, ապա պետք է հայտնին պատասխանատվության չենթարկվի, իսկ մյուսը պատասխանատվության ենթարկվի՞: Եկեք այդ սկզբունքով առաջնորդվենք»։