Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը - Champions.am
Ֆուտբոլ

Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը

Կրիշտիանու Ռոնալդու
92Views

2004 թվական, հուլիսի 4։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էստադիո դա Լուժը», կարծես, կատարյալ տեղ է Պորտուգալիայի հավաքականի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնության համար։ Բացառիկ առաջնություն, որի թե՛ առաջին, թե՛ վերջին խաղերի մասնակիցները լինելու էին նույն հավաքականները։ Անակնկալ կերպով եզրափակիչ էր հասել Հունաստանի հավաքականը, որն իր ուժի մասին պատմել էր աշխարհին մրցաշարի առաջին օրը՝ Պորտուի «Էստադիո դի Դրագաոյում» հաղթելով առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին ու ընդունող հավաքականին՝ Պորտուգալիային։ Պորտուգալացիների համար այդ տոն օրը փչացրել էին Գիորգիոս Կարագունիսն ու Անգելոս Բասինասը։ Պորտուգալացիների միակ գոլը խաղավերջում խփեց 19-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։

Առհասարակ Պորտուգալիայի հավաքականն առաջնության գլխավոր ֆավորիտներից էր։ Այդ թիմի առաջատարը Լուիշ Ֆիգուն էր, ով շարունակում էր իր փայլուն մրցելույթները «Ռեալ Մադրիդում»։ Թիմում շատ էին «Պորտուի» ֆուտբոլիստները, (Կառվալյու, Վալենտե, Դեկու) որոնք Ժոզե Մոուրինյոյի հետ սխրանք էին գործել՝ այդ տարի հաղթելով Չեմպիոնների լիգան։ Եվ իհարկե, մեծ էին սպասումները 19-ամյա հրաշամանուկից՝ Կրիշտիանու Ռոնալդուից, որն այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»։

Բոլորին թվում էր, որ առաջնության առաջին խաղում հույներին պարտվելուց հետո Պորտուգալիան եզրափակչում ուժեղ կլինի ու կտանի տիտղոսը։ Սակայն 2004 թվականի հուլիսի 4-ը վերածվեց կատարյալ ֆիասկոյի Պորտուգալիայի հավաքականի համար։ Խաղի 57-րդ րոպեին Անգելոս Խարիստեասի գլխի հարվածով խփած գոլն այդպես էլ մնաց միակը։ Հունաստանը հաղթեց 1-0 հաշվով։ Օտտո Ռեհագելի թիմը կերտեց ֆուտբոլի պատմության ամենաանհավանական հաղթանակներից ու անակնկալներից մեկը։ Պորտուգալիայի տանը հույներն իրենց հյուրի պես չպահեցին։

Այդ օրվա ամենահայտնի կադրն արտասվող Կրիշտիանուն էր՝ 19-ամյա պատանին, ում երազանքը քիչ առաջ փշրել էին զեյթունի ու նարնջի հայրենիքի ֆուտբոլիստները։

Սպորտում թերևս չկա ավելի բարդ բան, քան վերադառնալն այն բանից հետո, երբ չափազանց մոտ ես եղել բարձունքին, սակայն վերջին պահին քո երազանքի իրականացումը պարզապես փշրվել է։ Դժվար է, շատ դժվար, սակայն մեծագույն չեմպիոնները մեծագույն են նրա համար, որ երբեք չեն հանձնվում ու չնայած այդ հարվածի ուժգնությանը, դարձյալ վերադառնում են ու պայքարում այդ բարձունքի համար։

12 տարի անց՝ 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականը ամենևին էլ առաջնության ֆավորիտներից չէր։ 2004-ի 23-հոգանոց կազմից մնացել էին միայն 2 ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կառվալյուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմն ընդգրկված էր F խմբում ու 3 խաղերում վաստակեց 3 միավոր՝ բոլոր 3 խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով։ Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ խմբում 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի մեջ ցույց տված լավագույն 3-րդ ցուցանիշի շնորհիվ։

Փլեյ-օֆֆ փուլում Պորտուգալիան շարունակեց ոչ-ոքիների շարքը։ Խորվաթիայի դեմ խաղում հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Լրացուցիչում Պորտուգալիան հաղթեց Ռիկարդո Կուարեժմայի գոլի շնորհիվ։ Քառորդ եզրափակչում՝ հետխաղյա 11-մետրանոց։ Միայն այդպես նրանք կարողացան պայքարից դուրս թողնել Լեհաստանին ու դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Ուելսն էր։ Կիսաեզրափակիչ Պորտուգալիա-Ուելս և Գերմանիա-Ֆրանսիա զույգերից հետո պարզ էր մեկ բան։ Անկախ արդյունքներից եզրափակչում ֆավորիտը Գերմանիա-Ֆրանսիա զույգի հաղթողն է լինելու։

Ֆրանսիան գերազանց առաջնություն էր անցկացրել։ Տնային առաջնությունը ֆրանսիացիների համար 18 տարի առաջ բերել էր բաղձալի հաջողություն Աշխարհի առաջնությունում։ 1998 թվականի Ֆրանսիան դարձել էր Աշխարհի չեմպիոն առաջին անգամ։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր թվում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը դարձյալ նվաճելու համար արդեն 2016-ին։ Եզրափակչում Ֆրանսիային սպասում էր Պորտուգալիայի հավաքականը, որի՝ եզրափակչում հայտնվելը շատերի համար անակնկալ էր։

Կրիշտիանու Ռոնալդուի համար 2016 թվականի հուլիսի 10-ն ինչ-որ ձևով պետք է հիշեցներ 2004-ի հուլիսի 4-ը։ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում դուրս էր գալիս մի խաղի, որի ավարտից հետո կարող էր Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Այս անգամ նրա կարգավիճակն այլ էր։ Նա արդեն 31 տարեկան էր ու իր թիմի ավագն ու անվիճելի առաջատարը։ Նա եկել էր Ֆրանսիա Մադրիդի «Ռեալի» հետ վերջին 3 տարում Չեմպիոնների լիգայի գավաթը 2-րդ անգամ նվաճելուց հետո։ Սիրո մայրաքաղաք Փարիզի այդ ֆանտաստիկ երեկոն Ռոնալդուն հիշելու էր ընդմիշտ։

Խաղի մեկնարկից 25 րոպե անց տեղի ունեցավ այն, ինչն ամենասարսափելի բանն էր պորտուգալացի երկրպագուների, ֆուտբոլիստների ու անձամբ Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Իր կարիերայի կարևորագույն խաղում նա այլևս չէր կարող օգնել իր թիմին։ Դիմիտրի Պայեի հետ խաղային դրվագում Ռոնալդուն վնասվածք ստացավ ու այլևս չկարողացավ շարունակել խաղը։ Նա դարձյալ արտասվեց ճիշտ այնպես, ինչպես 2004-ին Լիսաբոնում, կամ էլ 2008-ին Լուժնիկիում մոսկովյան հորդառատ անձրևի տակ, սակայն այս անգամ նրա արցունքների պատճառը հաղթանակը կամ էլ պարտությունը չէր, այլ այն, որ նա անկարող է օգնել իր թիմին նման կարևորագույն խաղում։

Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կուարեժման։ Պորտուգալացիների առաջատարը հասկացավ, որ եթե դաշտում չէ, ապա կարող է օգնել իր թիմին նաև դաշտից դուրս։ Ու ամբողջ խաղում Ռոնալդուն մեկ ոտքով կանգնած էր Սանտուշի կողքին ու ցուցումներ էր տալիս իր խաղընկերներին։

Այդ երեկոն հայելային արտացոլանքն էր 2004-ի եզրափակչի։ Ֆրանսիան խաղում էր տանը ու բացահայտ ֆավորիտ էր, սակայն այդ երեկոն ստեղծված էր պորտուգալական հեքիաթի համար։ Լրացուցիչ ժամանակում Էդերը հեռահար հարվածով խոցեց Ուգո Լյորիսի դարպասը՝ խփելով այդ զարմանալի եզրափակչի միակ գնդակը։

Երբ հանդիպման վերջին վայրկյաններին Ֆերնանդու Սանտուշը վերջին ցուցումներն է տալիս իր թիմին, թե ինչպես պաշտպանվեն, Ռոնալդուն մոտենում է Սանտուշին, ու զգալով հաղթանակի իրական համը՝ ասում է նրան․

«Ծերու՛կ, հանգիստ, մենք արդեն հաղթել ենք»:

Պորտուգալիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ամենախելահեղ ու անիրական թվացողներից մեկը։ Ռոնալդուն օրեր առաջ անձամբ հայտարարեց, որ սա իր կարիերայի գլխավոր տիտղոսն է։ Այո՛, Չեմպիոնների լիգայի 5 գավաթների, ԱՊԼ-ի, Լա լիգայի, Ա սերիայի ու բազմաթիվ այլ տիտղոսների մեջ Ռոնալդուն ընտրում է հենց ԵՎՐՈ-2016-ը։

Մեծագույն են այն չեմպիոնները, որոնք չեն հանձնվում անգամ սարսափելի հարվածից հետո։ Ու Պորտուգալիայի չեմպիոնությունն իսկապես հատուկ է ստացվում, քանի որ նրանք Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով կմնան 5 տարի՝ մինչև 2021-ի ամառը, թեպետ ո՞վ գիտե․․․

Добавить комментарий